Foto

Պետությունն ամբողջովին ֆինանսավորելու է ոչ թե քաղցկեղի բուժման բոլոր փուլերը, այլ վիրահատական բուժումը. նախարար

Պետությունն ամբողջովին իր վրա է վերցնում քաղցկեղի վիրահատական բուժման գումարը:  Քիմիաթերապիայի, ճառագայթային թերապիայի, այլ դեղորայքային բուժումների դեպքում դեռ կշարունակի գործել համավճարային տարբերակը՝  մի մասը կվճարի պետությունը, մյուսը՝ քաղաքացին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ես երբեք չեմ խոսել քաղցկեղի լիովին անվճար բուժման մասին: Մենք ընդամենն ասել ենք, որ  քաղցկեղի վիրահատությունների համավճարը կվերանա: ՀՀ բյուջեով միշտ հայտարարվել է, որ քաղցկեղի բուժումը պետպատվերով է իրականացվում: Պետպատվերի հրահանգների մեջ գրված է, որ քաղաքացին վճարում է բուժման 80 տոկոսը, իսկ պետությունը՝ 20 տոկոսը: Մենք ընդամենը վիրահատության համավճարի մասը, որը նախկինում վճարում էր քաղաքացին, վերցրել ենք մեզ վրա՝ ունենալով հաշվարկ, թե տարեկան նման քանի վիրահատություն է արվում Հայաստանի բուժհաստատություններում, եւ թե որքան բյուջետային աճ ունենք 2019 թ. համար»,- ասաց նախարարը:

Թորոսյանը նշեց՝ իրենք ոչ  մի վատթարացնող բան չեն արել, ընդամենը քաղաքացիների վրա դրված օրինական բեռն են հանել:  Նա շեշտեց՝ պետությունը հաշվարկել է վիրահատությունների գները և հասկացել է, որ կարող է իր վրա վերցնել վիրահատության մասով բեռը: Սակայն ճառագայթային բուժման և քիմիոթերապիայի բեռն ավելի բարձր է եղել, և  պետությունն ի վիճակի չի եղել իր վրա վերցնել ամբողջությամբ: «Մարդիկ կշարունակեն դեռ համավճարով գումար ծախսել քիմիաթերապիայի, ճառագայթային թերապիայի, այլ դեղորայքային բուժումների վրա: Սակայն եկող տարի միանշանակ կանդրադառնանք նաև քիմիա ու ճառագայթային բուժումներին»,-ասաց նա:

Նախարարը նշեց, որ այս տարի 200 մլն դրամ լրացուցիչ գումար են հատկացրել նորագույն ճառագայթային բուժմանը: Նորագույն գծային արագացուցիչով ճառագայթային բուժումը երբեք Հայաստանում անվճար չի եղել: Այդ գումարը մոտավորապես կբավականացնի Հայաստանում բուժում ստացող 200-300 հոգու համար: Թորոսյանը շեշտեց՝ դա սկիզբն է, մյուս տարի 400 հոգու համար կապահովեն եւ կկատարեն հասարակությանը տված խոստումները: