Foto

Ի՞նչ կարժենա Արցախի «թագը»

Փաշինյան-Ալիև առաջիկա ակնկալվող հանդիպումից առաջ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ դիվանագիտական փոթորիկ առաջացրեց, որի «ավերածությունները» դեռ երկար ենք հիշելու:

Ապրիլյան պատերազմից հետո միջազգային հանրությունն Ադրբեջանին զսպելու մի շարք քայլեր էր կատարել: Մասնավորապես՝ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների շրջանակներում միջադեպերի կանխարգելման մեխանիզմների և փոխվստահության ամրապնդման միջոցառումների ներդրման ամրագրումը Բաքվին ստիպում էր «գլուխը կախել» իր անհեռատես ավանտյուրայի համար և բանակցային գործընթացում ավելի ձեռնասուն կեցվածք բռնել: Ո՞րն է պատճառը, որ միջազգային միջնորդները սկսել են աննախադեպ կոշտ հայատարարություններ անել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջին բանակցային հանդիպումից առաջ: Ըստ էության, պատճառն արտացոլված է հենց հայտարարության տողերում: Ադրբեջանի նկատմամբ պահանջները ոչ մեզ հետաքրքիր են, ոչ էլ նորություն են: Այդ երկրի ղեկավարությունը միշտ էլ հակված է ռազմատենչ հռետորաբանությանը և ուժի կիրառմանը: Բայց հատուկ ուշադրության է  արժանի այն  հանգամանքը, որ համանախագահներն իրենց հայտարարության մեջ ակնհայտորեն ակնարկում են հայկական կողմին՝ զերծ մնալ առանց մյուս կողմի համաձայնեցման ձևաչափի միակողմանի փոփոխության պահանջից: Դա ուղղակիորեն միտված է Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության դեմ: Համանախագահներն արդեն մի անգամ դրա մասին ակնարկել էին, երբ տարածաշրջան կատարած վերջին այցի ընթացքում «շրջանցեցին» Ստեփանակերտը: Բայց Հայաստանի վարչապետը շարունակեց պնդել, որ ինքը լիազորություն չունի Արցախի անունից բանակցելու և արցախցիների վերադարձը բանակցություններին այլընտրանք չունի:

Իրավիճակը, մեղմ ասած,   մտահոգիչ է: Կողմերի բարձր մակարդակով հանդիպումը գրեթե իրողություն է: Ըստ Փաշինյանի տրամաբանության դրանք բանակցություններ չեն կարող համարվել, թեև համանախագահները պնդում են, որ անհրաժեշտ է «այնպիսի միջավայրի պահպանումը, որը թույլ կտա իրականացնել արդյունավետ քննարկումներ և շարունակում են դրականորեն գնահատել վերջին շրջանում շփման գծում մահվան դեպքերի բացակայությունը», այսինքն վերսկսել բանակցությունները: Տարօրինակ է, բայց ողջ բանակցային գործընթացի պատմության մեջ առաջին անգամն է, որ բանակցություններից «խուսափելու մեղքը» ֆորմալ առումով դրվում է Հայաստանի ուսերին: Սա Ադրբեջանի համար գտնված հնարավորություն է՝ առավել մեծացնելու ճնշումը հայկական կողմի, շփման գծի և սահմանների վրա, մոռացնել տալու ապրիլյան արկածախնդրության ծանր դիվանագիտական հետևանքները: Հայկական կողմն էլ ստիպված է գնալ բանակցությունների, որոնց ընթացքում Ալիևն իրեն հարմար պահի կարող է Փաշինյանին հիշեցնել, որ վերջինս, այնուամենայնիվ, չի կարող ներկայացնել արցախցիներին, կամ գոնե չունի նրանց մանդատը:

Հայկական կողմը հայտնվել է մի երկակի իրադրության մեջ, երբ բանակցություններին և՛ մասնակցելը, և՛ չմասնակցելը հղի է ծանր դիվանագիտական և ոչ միայն դիվանագիտական հետևանքներով:

Իրավիճակն այնուամենայնիվ պատային չէ, որովհետև Նիկոլ Փաշինյանը բանակցություններից առաջ կարող է ինչ-որ ձևով փորձել ստանալ Արցախի ֆորմալ մանդատաը: Բայց ինչպե՞ս է այդ մանդատն իրեն տրվելու, եթե դրա հիմնական աղբյուրը Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է ընտրությունները կամ գուցե ժողովրդական համընդհանուր կամարտահայտման մեկ այլ ձև, օրինակ՝ հանրաքվեն: Սակայն այս պարագայում կտրուկ կարող են սրվել Երևան-Ստեփանակերտ հարաբերությունները:

Ստացվում է, որ բանակցություններին մասնակցելու համար Նիկոլ Փաշինյանին կենասկանորեն անհրաժեշտ է Արցախի «թագը», բայց ի՞նչ գնով:

foto
Author: Eduard Saribekyan