Foto

Նա գնաց «անգլիական» ձևով

Երրորդ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը, ով Հայաստանում մեղադրվում է բացմաթիվ քրեական դրվագներով, «որոշակի» ժամկետով հեռացել է երկրից: Դա կատարվել է նախաքննության մարմնի թույլտվությամբ: Այս լուրը հնչեղ վերնագրերով արդեն լրատվականների առաջին սյունակներին է, ավելի շատ հարցեր առաջացնելով, քան պատասխաններ տալով:

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մերձավոր ազգականները՝ եղբայրները և նրանց ընտանիքների որոշ անդամներ, բազմաթիվ կոռուպցիոն հանգամանքներով գտնվում են իրավապահների ուշադրության կենտրոնում, իսկ նրանց մեծ մասը բացակայում է հանրապետությունից: Միայն Ալեքսանդր Սարգսյանն էր, որ դեռևս Հայաստանում էր ու պատրաստակամություն էր հայտնել որոշակի գումար վերադարձնել պետությանը: Իհարկե, իրեն վերագրվող թալանված գումարներից ինչ-որ փշրանք վերադարձրեց, կամ գոնե հայտարարվեց, որ վերադարձրել է, թեև այդպես էլ պարզ չեղավ, որքան, ումը և ինչի դիմաց տրվեց այդ գումարը: Հիմա, երբ նա այլևս Հայաստանում չէ, հուսանք «որոշակի», բայց կարճ ժամկետով, մի շարք հարցեր առավել ակտուալ են դառնում:

Մասնավորապես հետաքրքիր է՝ ինչո՞ւ մեղադրյալին թույլատրվեց լքել երկրի սահմանները: ԱԱԾ տարածած տեղեկատվության մեջ ոչ մի ակնարկ չի արվում, ո՛չ առողջական վիճակին, ո՛չ որևէ ծանրակշիռ հանգամանքի: Ի դեպ, նմանատիպ մեղադրանքներով ձերբակալված Սամվել Մայրապետյանին ամիսներ շարունակ ոչ միայն չէր թույլատրվում բացակայել երկրից, այլև բանկային հաշիվներն էին սառեցված: Դե գեներալ Մանվել Գրիգորյանի կամ  նույն Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի մասին չասենք. նրանց արդեն որերորդ անգամն են գրավի դիմաց ազատում ու կրկին ձերբակալում:

Եթե չկան այնպիսի հանգամանքներ, որոնց պատճառով Ալեքսանդր Սարգսյանին կարելի էր թույլ տալ հեռանալ երկրից, գուցե խնդիրն ա՞յլ  տեղ է: Արդյո՞ք նախաքննության մարմինը չի կարողացել ապացուցել նրան վերագրվող մեղքերը, թե՞ այստեղ քաղաքական հանգամանք կա: Առաջին դեպքում դատարնի վճիռ կամ գոնե հայտարարություն կարվեր, որ չկա: Մնում է թերևս քաղաքական դրդապատճառը, որի համար որոշակի պարարտ հող կա:

Գաղնիք չէ, որ պետական բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր պաշտոնավարել են Սերժ Սարգսյանի օրոք, այսօր հասարակության կողմից մեղադրվում են բազմաթիվ ապօրինությունների մեջ, բայց ոչ միայն իրենք են դեռևս խուսափում պատասխանատվությունից, այլև իրենց շեֆը: Տպավորություն է, որ անցյալ ապրիլին, երբ ժողովուրդը և Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժման պարագլուխները վանկարկում էին «մերժիր Սերժին», ամենևին էլ Սերժին նկատի չունեին: Բայց ժողովուրդն այսօր էլ պահանջում է երկրում օրինականության հաստատում, տասնամյակների թալանի հատուցում, իսկ թեթև ցատկով հեղափոխական հարթակից կառավարության շենքում հաստատվածները «սեր ու համերաշխություն» են ցողում շուրջները:

Մի առիթով հենց Սերժ Սարգսյանն էր գանգատվում, որ հանցագործներին բռնում են, բայց պատկան մարմինների որոշ միջանցքներում կամ աշխատասենյակներում նրանց արդարացնում ու «մեծ կյանքի» ուղեգիր են տալի: Բա այն ժամանակներից ոչինչ չի՞ փոխվել, թե միայն ոմանց համար և, կամ դեպքում է իրավիճակ փոխվել: Տարօրինակ է, որ այդ եզակի «բախտավորների» թվում հատկապես Սերժ Սարգսյանի ամենամերձավորներն են, իր ղեկավարությամբ: