Foto

Իրանը պատրաստակամ է աջակցել ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորմանը

Իրանը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ինչպես հաղորդում է ifpnews-ը, այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Բահրամ Քասեմին:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը շարունակում է հստակ ու թափանցիկ լինել, այն չի փոխվել: Մենք կարծում ենք, որ այս հարցը պետք է լուծվի միջազգային նորմերի և երկխոսության հիման վրա»,- ասել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը:
Նա հույս է հայտնել, որ հակամարտությունը որքան հնարավոր է շուտ խաղաղ հանգուցալուծում կստանա՝ ընդգծելով, որ Իրանը պատրաստակամ է աջակցել հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Կասեմին նշել է, որ Իրանի համար կարևոր է, որ ղարաբաղյան խնդիրը չազդի Հայաստանի ու Ադրբեջանի հետ Իրանի հարաբերությունների վրա: Իրանը հույս ունի, որ հակամարտությունը հնարավորինս շուտ կլուծվի խաղաղ ճանապարհով երկու երկրների ղեկավարների երկխոսության ու բանակցությունների, դիվանագիտական գործիքների ու կապի միջոցով:
Անդրադառնալով Թեհրանի Արարատ ակումբում հայ համայնքի հետ հանդիպմանը և Արցախի վերաբերյալ գրառումով պաստառին՝ Կասեմին նշել է, որ նման պաստառի առկայությունն անընդունելի քայլ է, և Իրանի Իսլամական Հանրապետությունը հավանության չի արժանացնում դա: