Foto

Նաիրի Պետրոսյանը թողնում է Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը թողնում է այդ պաշտոնը և վերադառնում է ԱԳՆ համակարգ: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում.
«2010 թվականին ՀՀ ԱԳՆ-ից գործուղվեցի ՀՀ Նախագահի աշխատակազմ, որի շնորհիվ մասնագիտական գործունեության նոր ասպարեզ բացվեց իմ առջև: Այդ տարիների ընթացքում եղել եմ մեր պետության արտաքին քաղաքական բազմաթիվ կարևոր իրադարձությունների ականատեսն ու դրանց նախապատրաստման մասնակիցը: Շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանին այդ պատվաբեր հնարավորությունն ինձ ընձեռելու համար:
Այժմ եկել է իմ բուն մասնագիտությամբ և կյանքի գործով նորից զբաղվելու ժամանակը: Ցանկությունս է վերադառնալ դիվանագիտական ծառայություն՝ գիտելիքս և փորձս Հայաստանի Հանրապետությանն ի սպաս դնելու համար: Այս հարցը քննարկել եմ ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ` խնդրելով ազատել ինձ գրասենյակի պատասխանատուի աշխատանքից»: