Foto

Արմեն Վարդանյան. Մոհամադ Զարիֆի պես պրոֆեսիոնալ դիվանագետի հրաժարականը կարող է ծանր հետևանքներ ունենալ Իրանի համար

Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը հրաժարական է տվել: Այդ մասին նա գրառում է կատարել իր Instagram-ում, որին ի պատասխան ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, թե ի գիտություն են ընդունում հրաժարականը: Ի՞նչ կարելի է ենթադրել, ի՞նչ ամիջական կապ կարող է ունենալ Զարիֆի հրաժարականը ԱՄՆ-ի հետ Vesti.am-ը թեմայի հետ կապված զրուցեց իրանագետ, ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանի հետ.

Հնարավո՞ր է այս հրաժարականը բեկումնային լինի իրանա-ամերիկյան հարաբերություններում և կարելի՞ է արդյոք ինչ-որ զարգացումների սպասել:

- Իրանի ԱԳՆ Մոհամադ Ջավադ Զարիֆի հրաժարականն ԱՄՆ-ի հետ ընդհանրապես կապ չունի, իսկ որ ԱՄՆ-Իրան հարաբերություններում կարող են փոփոխություններ լինել այո՛, այդպես է, քանի որ ամեն դեպքում Զարիֆը փորձառու դիվանագետ է և երբեմն կարողանում էր ԱՄՆ-ի հետ լեզու գտնել, հատկապես Օբամայի վարչակարգի օրոք: Ինչպես գիտենք, 2015 թվականին ստորագրված միջուկային համաձայնագրի ստորագրման հարցում ահռելի մեծ ներդրում է ունեցել հենց Մոհամադ Զարիֆը, և երբ ստորագրումից հետո նա ժամանեց Իրան, նրան մեծ ցնծությամբ դիմավորեցին Թեհրանի օդանավակայանում: Դեռևս պարզ չէ՝ նախագահ Ռոհանին ընդունել է այդ հրաժարականը, թե ոչ: Ավելին Իրանի Մեջլիսի պատգամավորները դիմել են երկրի նախագահին, որ նա չընդունի ԱԳՆ-ի հրաժարականը: Իսկ, եթե, այնուամենայնիվ, Հասան Ռոուհանին ընդունի այդ հրաժարականը, ապա իրանա-ամերիկյան հարաբերությունների հետագա ընթացքը կապված կլինի նաև այն բանի հետ, թե ով կնշանակվի ԱԳՆ պաշտոնում: Եթե նա ունենա առավել կոշտ մոտեցում, լինի այսպես կոչված hard-liner, ապա երկու երկրների հարաբերություններում հետագա սրացումն անխուսափելի է: Բայց քանի դեռ նախագահը չի ընդունել այդ հրաժարականը և նոր ԱԳՆ չի նշանակվել՝ դժվար կլինի ասել, թե ինչ ընթացք կունենան այդ հարաբերությունները, քանի դեռ չգիտենք՝ ով է վարելու Իրանի արտաքին քաղաքականությունը: Հիշեցնեմ, որ Զարիֆի հետ նման դեպք մեկ անգամ ևս եղել է և Ռոհանիի կողմից նրա հրաժարականը չի ընդունվել, այս հրաժարականը ևս կարող է բացառություն չլինել: Զարիֆը մեծ աջակցություն ունի խորհարանում և ընդհանրապես նա Իրանում մեծ հեղինակություն ունեցող քաղաքական գործիչ է և այնտեղ շատ լավ հասկանում են՝ նման պրոֆեսիոնալ դիվանագետի կորուստ կարող է ծանր հետևանքներ ունել երկրի համար :

- Ինչպես գիտնք Մոհամադ Զարիֆը միջուկային ծրագրում կարևոր դերակատարում է ունեցել և համարվում է միջուկային ծրագրի խնդրով Արևմուտքի հետ բանակցությունների ճարտարապետը: Ի՞նչ եք կարծում Եվրոպան ինչպես կդիտարկի նրա հրաժարականը և ինչպե՞ս կարձագանքի :  

- Պաշտոնական արձագանք որպես այդպիսին չեմ կարծում, որ լինի: Համենայն դեպս հնարավոր է ափսոսանքի խոսքեր ասվեն, բայց պաշտոնական հայտարարություն չի լինի, քանի որ այն կդիտվի որպես միջամտություն Իրանի ներքին գործերին: Կարծում եմ` այդ լուրը ցավով կընդունեն Եվրոպայում, քանի որ Զարիֆը շատ լավ հարաբերություններ ունի նաև եվրոպացի դիվանագետների հետ և պատահական չէ, որ հենց նրա և ԵՄ արտաքին քաղաքականության իրականացնողների ջերմ հարաբերությունների և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ խուսափել JCPOA-ի` միջուկային համաձայնագրից Իրանի դուրս գալուն: Ավելին, երբ ԱՄՆ դուրս եկավ Միջուկային համաձայնագրից, ԵՄ-ը համագործակցելով Իրանի հետ, հասավ նրան, որ Իրանը դուրս չեկավ  համաձայնագրից:

- ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն իր հայտարարության մեջ նշել էր. «Մենք ուշադրություն դարձրել ենք հրաժարականի վերաբերյալ հաղորդագրությանը: Տեսնենք՝ կստացվի արդյոք: Մեզ հայտնի Է, որ բոլոր վերջնական որոշումներն ընդունում Է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Խամենեին»: Ստացվում է ԱՄն-ն կարևորում է Խամենեիի որոշումը:

- Իրականում ինչպես գիտենք Իրանում քաղաքականություն որոշողը, ոչ թե նախագահն է, այլ հենց առաջնորդը՝  Ալի Խամենեին, ով զբաղվում է ոչ միայն հոգևոր հարցերով, այլև աշխարհիկ հարցերով և մեծ հաշվով նա է որոշում երկրի արտաքին քաղաքականությունը: Առանց նրա իմացության և հավանության ո՛չ երկրի նախագահ Ռոուհանին, ո՛չ ԱԳՆ-ն չեն կարող քաղաքականություն վարել: Դրա համար Պոմպեոյի դիտարկումը ճիշտ է, քանի որ երկրում քաղաքականությունը որոշողը դա Ալի Խամենեին է, իսկ մյուսներն ուղղակի գործառույթներ իրականացնողներն են: Հիշեցնեմ, երբ ստորագրվում է միջուկային համաձայնագիրն Իրանի նախագահ Հասան Ռոհանին մեկնեց Նյու-Յորք ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցելու, CNN –ին տված հարցազրույցի ժամանակ հաղորդավարը հարցնում էր նրանից, արդյոք նա լիազորված է այստեղ որևէ հայտարարություն անելու՝ ակնարկելով , թե արդյոք Ալի Խամենեին տվել է նրան այդ լիազորությունները, թե ոչ: Ուստի Պոմպեոյի հայտարարությունը հենց այդ համատեքստում պետք է դիտարկել: Իհարկե, երբեմն տակտիկական նկատառումներից ելնելով, Խամենեին ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրում, քան նախագահը կամ ԱԳՆ-ն, բայց դա փոխհամաձայնեցված է:

foto
Authoor: Tamara Abrahamyan