Foto

Հայ-վրացական ռազմական համագործակցությունը պետք է լինի հավասարակշիռ և հաշվենկատ

Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնական այցի որոշ դրվագների կապակցությամբ Vesti. am-ի հարցերին պատասխանում է քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Ալեն Ղևոնդյանը

Պարոն Ղևոնդյան, ի՞նչ կապ եք տեսնում Սիրիայում գտնվող հայ մասնագետների և Վրաստանի ՊՆ-ի պաշտոնական այցի միջև: Արդյո՞ք դա Միացյալ Նահանգներին ուղղված ակնարկ չէ:

Կարծում եմ ուղղակի կապն այստեղ բացակայում է: Հայաստանի նոր ղեկավարության հետ Վրաստանը, կարծում եմ, հակված է շարունակել ակտիվ գործակցությունը և դրա ոլորտներից մեկը կարող է դառնալ նաև ռազմականը: Նշեմ, որ այս գործակցությունը փոխշահավետ է. հատկապես պաշտոնական Թբիլիսին պետք է շահագրգիռ  լինի ՀՀ-ի հետ ռազմական գործակցության ծավալման մեջ՝ հաշվի առնելով մեր զինված ուժերի կայացվածության ներկա մակարդակը և տարածաշրջանային կայունության ապահովման փոխադարձ կարևոր մոտեցումները: Միաժամանակ ուշադրություն պետք դարձնել, որ գործակցությունը վերաբերում է կոնկրետ ոլորտների՝ ռազմական կրթության և բժշկության, արհեստավարժ սերժանտական համակարգի, մարդու իրավունքների և բարեվարքության: Այս հարցում հայկական կողմը պետք է բավական հավասարկշիռ ու հաշվենկատ դիրքորոշում որդեգրի, որպեսզի հավելյալ խանդի տեսարաններ չստեղծի այլ գործընկերների մոտ՝ միաշամանակ առաջնորդվելով իր ազգային շահերի հիմնադրույթներով:

Հայաստանն ու Վրաստանը ՊՆ մակարդակով հայտարարում են, որ «փոխադարձաբար ընկալում և հարգում են միմյանց նախապատվություններն ու ազգային անվտանգության ապահովմանն ուղղված լուծումները»: Սա ենթադրու՞մ է, որ կողմերը նույն գնահատականն ունեն Արցախի և ռուս -վրացական հիմնախնդիրների վերաբերյալ: 

Հայաստանը և Վրաստանը տարիներ շարունակ փոխադարձ բարդ վիճակում հայտնված հարևաններ են, որոնց նշանակությունը միմյանց համար մեծ է: Չնայած դրան, այդ երկրները անվտանգության իրենց քաղաքականությունն ու տեսլականը մշակել ու իրականացրել են միմյանց հակադիր աշխարհաքաղաքական բևեռների հետ գործակցության ներքո: Ավանդաբար երկու երկրների՝ ամենից կնճռոտ խնդիրը էթնոքաղաքական կոնֆլիկտների հարցն է, ինչպես նաև կողմերի՝ երրորդ երկրների հետ գործակցության նկատմամբ խանդոտ վերաբերմունքը: Այս հանգամանքները, անկասկած, բարդություններ են ստեղծում փոխհարաբերություններում, սակայն կողմերն իրենց մեջ ուժ ու կամք են գտել տարիներ շարունակ նման նուրբ հարցերի, զգայուն թեմաների հետ կապված շատ զգույշ ու հաշվենկատ ձևակերպումներ տալ: Հենց այս համատեքստում ես կդիտարկեի ՀՀ և Վրաստանի ՊՆ նախարարների հանդիպման ժամանակ հնչեցված «փոխադարձաբար ընկալում և հարգում են միմյանց նախապատվություններն ու ազգային անվտանգության ապահովմանն ուղղված լուծումները» ձևակերպումը, որը բավական կարևոր ու կնճռոտ, բայց լուծելի խնդիրների չեզոք վերաբերմունքի դրսևորման ձև է: