Foto

Արթուր Վանեցյանն աղմկոտ գործերի և Հայաստանից հեռացածների մասին

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կառավարությունում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է մի շարք աղմկահարուց գործերով տարվող քննությանը և հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտոնյաներին:
Նա ասաց, որ ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանին ԱԱԾ չեն հրավիրել, այդ լուրերը ժամանակավրեպ են: Հարցին, թե Խաչատրյանի դեմ գործ հարուցվա՞ծ է, ԱԱԾ տնօրենը պատասխանեց.«Ես հիմա, եթե ձեզ ասեմ, այդ ուղղությամբ աշխատանքներ չենք իրականացնում, կստեմ: Այո, աշխատանքներ իրականացվում են, բայց դեռևս չի հասունացել այն պահը, որ լինեն կոնկրետ քննչական գործողություններ և հրավերներ ԱԱԾ քննչական դեպարտամենտ»,- ասաց նա:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի «50-50 փայ մտնելու»հարցին, ինչի մասին նաև կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ վարչապետը հայտարարեց, ԱԱԾ տնօրենն ասաց, որ Սարգսյանի նկատմամբ ԱԱԾ-ում քննվող գործի ավարտից հետո ամբողջական տեղեկություն կհրապարակեն:
Ըստ նրա՝ Ալեքսանդր Սարգսյանի խնդրահարույց 30 մլն դոլարը վերադարձվել է պետությանը: «Նա 18.5 մլն դոլար է փոխանցել, բայց այն մնացած 11.5 մլն դոլարը եղել են հարկային պարտավորություններ և այլն, որոնք գանձվել են կոնկրետ ակտերով: Քրեական գործով քննությունը շարունակվում է, և արդյունքները կլինեն»,- ասաց նա:
Ըստ Վանեցյանի՝ 30 մլն դոլարը բավական մեծ գումար է, պետք չէ թերագնահատել: Նա չպատասխանեց հարցին, թե ինչ պայմանով է Ալեքսանդր Սարգսյանը վերադարձրել գումարը:
Հետախուզման մեջ գտնվող նախկին պատգամավոր Արամ Հարությունյանին անդրադառնալով՝ Վանեցյանն ասաց, որ նա Հայաստանի սահմանը չի հատել: Ամեն դեպքում, օրինական ճանապարհը չի հատել: Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանն ու խնամի Արա Մինասյանը, նրա խոսքով, օրինական ճանապարհով հատել ե ն ՀՀ սահմանը:
Այդ ժամանակ որևէ խափանման միջոց չի կիրառվել, ես իրավունք չունեի որևէ մարդու ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակել»,- նշեց նա:
Լևոն Սարգսյանի գտնվելու վայրը, Վաեցյանի խոսքով, գիտեն, արաբական երկրներից մեկում է: Պարզապես, նրա խոսքով, այդ մարդկանց հետ բերելու մեխանիզմները պետք է գտնել, հեշտ չէ այլ երկրից մարդ բերելը:
Անդրադառնալով Ալեքսանդր Սարգսյանի որդուն՝ Նարեկ Սարգսյանին, ով գտնվում է Պրահայում, Արթուր Վանեցյանն ասաց, որ տեղյակ չէ մանրամասներին՝ նա ապաստան ստացել է այնտեղ, թե ոչ: Քաղաքական ապաստան, ըստ Վանեցյանի, հետախուզվողներից որևէ մեկը չի ստացել: