Foto

ՊԵԿ-ը հետաքննություն է սկսել գաղտնի տեղեկությունները հրապարակած անձանց պարզելու եւ պատժելու համար

Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ մամուլի այն հրապարակումներն, ըստ որոնց հարկային մուտքերը չեն ապահովվել և կատարվել են կեղծիքներ, չեն համապատասխանում իրականությանը: Նշված հրապարակումներում տեղ գտած ոչ մասնագիտական եզրահանգումներն ինքնին բավարար են համոզվելու, որ գործ ունենք ակնհայտ ուղղորդված գործընթացի հետ: Այսպես.

Պետական բյուջեի մշակման և կատարման ոլորտում պետությունների գերակշիռ մասը (մինչև 01.01.2018թ. նաև Հայաստանի Հանրապետությունը) կիրառում է եկամուտների հաշվառման դրամարկղային մեթոդը, այսինքն՝ հաշվետու տարվա ընթացքում պետական բյուջեի համապատասխան գանձապետական հաշվին փաստացի կատարված վճարումները, անկախ հարկային հաշվարկների ներկայացման կամ ստուգման ակտերի առկայության հանգամանքից, համարվում են այդ տարվա պետական բյուջեի եկամուտ: Այս տեսանկյունից ՀՀ ՊԵԿ-ի կողմից 2018թ ընթացքում ապահովվել է պետական բյուջեի 1306.2 մլրդ դրամ փաստացի զուտ եկամուտ (ներառյալ միասնական հաշվի մնացորդը, առանց հավաքագրված և հարկ վճարողներին փաստացի վերադարձված գումարների), ինչը մոտ 164.8 մլրդ դրամով գերազանցում է նախորդ տարվա համադրելի ցուցանիշը և 57.7 մլրդ դրամով գերազանցում է 2018թ. բյուջեով նախատեսված ծրագրային ցուցանիշը: Հարկ ենք համարում նշել, որ ՊԵԿ-ը հարկ վճարողների կողմից պետական բյուջե կատարվող փաստացի վճարումների գործընթացին միջամտելու որևէ հնարավորություն չունի, քանի որ դրանք կատարվում են բանկային և գանձապետական համակարգերի միջոցով:

01.01.2018թ.-ից հետո, արդեն ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքի  18-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվեց, որ «Հարկի (այդ թվում՝ կանխավճարի), տույժի և (կամ) տուգանքի վճարումը համարվում է կատարված վճարողին սպասարկող բանկի վճարման հանձնարարականի հիման վրա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից միասնական գանձապետական հաշվին գումարի հաշվեգրման օրը», իսկ 325-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանվեց, որ «միասնական հաշվին կատարված վճարումները չեն համարվում պետական բյուջեի հարկային եկամուտներ և վճարներ, քանի դեռ դրանց հաշվին պարտավորություններ չեն մարվել»: Այս օրենսդրական փոփոխության արդյունքում, գանձապետական համակարգը պետական բյուջեի հարկային եկամուտ սկսեց ճանաչել միայն հարկային հաշվարկով, ստուգման ակտով կամ այլ հիմքով ծագած հարկային պարտավորությունների դիմաց միասնական հաշվին վճարված գումարները, այդպիսով փոփոխելով մինչ այդ կիրառվող եկամուտների հաշվառման կանոնները: ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական համակարգի կողմից կիրառվող հաշվառման նոր կանոնն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր: Մասնավորապես՝ դրական կողմերից կարելի է նշել, որ վերացավ բազմաթիվ գանձապետական հաշիվներ ունենալու անհրաժեշտությունը և 01.01.2018թ.-ից հետո, այսպես կոչված, «գերավճարի առաջացում» հասկացությունը, հետևաբար հոդվածում նշված «գերավճարի թվի մաշեցման կեղծումը» ձևակերպումը պարզապես իրավական անտեղյակության և ոչ մասնագիտական մոտեցման արդյունք է: Բացասական կողմերից կարելի է նշել, որ հարկային հաշվարկով կամ հարկային պարտավորության առաջադրումով մարված և պետական բյուջեի եկամուտ ճանաչված գումարները կարող են դրանց ճշգրտման արդյունքում նվազել՝ դրանով իսկ նվազեցնելով պետական բյուջեի եկամուտները: Պետական բյուջեի եկամուտները հաշվառվում են և՛ օրական, և՛ ամսական կտրվածքով, իսկ եթե հարկային պարտավորությունները նվազեցնող ճշտված հաշվարկներ կամ այլ փաստաթղթեր ներկայացնելուց հետո պետական բյուջեի եկամուտներից գումարները վերադարձվում են միասնական հաշվին, ապա արդեն իսկ ամփոփված տվյալները չեն վերանայվում, իսկ վերադարձված գումարները հանվում են վերադարձի օրվա կամ համապատասխան ժամանակահատվածի ընթացքում հավաքագրված հարկային եկամուտներից, հետևաբար կրկնահաշվարկների կամ հավելագրումների մասին կարծիքները պարզապես հիմնազուրկ են:

Ինչ վերաբերում է դեկտեմբերի 20-ից հետո հարկային եկամուտներ ճանաչվելու հարցին, ապա ՊԵԿ-ը պարզաբանում է, որ այդ ժամկետից հետո հարկային եկամուտներ կարող են ճանաչվել ոչ միայն հարկային պարտավորություններն ավելացնող ճշտված հաշվարկի, կամ ստուգման ակտի, կամ դատարանի կամ բողոքարկման հանձնաժողովի որոշումներով, այլ նաև դեկտեմբերի 20-ից հետո ուշացումով ներկայացված հարկային հաշվարկներով, կամ ուշացումով կատարված վճարումներով, կամ օրենսգրքի 44-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն հարկային մարմնի կողմից հարկ վճարողի հարկային պարտավորություններն ինքնուրույն ճշտելու միջոցով, որը սկսվեց կիրառվել 01.11.2018թ.-ից հետո:

Ասվածն առավել ամբողջականացնելու նպատակով կոմիտեն տեղեկացնում է, որ հարկային մարմնին ներկայացվող սկզբնական հաշվարկների միջին ամսական քանակը կազմում է 114 712 հատ հաշվարկ, իսկ ճշգրտող հաշվարկների միջին ամսական քանակը կազմում է 61 532 հատ հաշվարկ: 2018թ.-ի ընթացքում կատարված ճշգրտումների արդյունքում պետական բյուջեի եկամուտներից միասնական հաշվին է վերադարձվել շուրջ 67.0 մլրդ դրամ, որոնք պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ հոդվածի սկզբում նշված հավաքագրված եկամուտներից նվազեցված են:

2019թ.-ի հունվար ամսվա ընթացքում միասնական հաշվին վերադարձված գումարները ևս բացառություն չեն և դրանց մասով ևս նվազեցվել են 2019թ. հունվարին հավաքագրված հարկային եկամուտները ու, չնայած այդ հանգամանքին, 2019թ. հունվար ամսվա հավաքագրումների արդյունքները, բյուջեի եկամուտների հաշվառման թե՛ դրամարկղային մեթոդով, թե՛ միասնական հաշվից մարումների մեթոդով էապես գերազանցում են 2018թ.-ի հունվար ամսվա համապատասխան ցուցանիշները (դրանք պարբերաբար հրապարակվում են ՊԵԿ-ի և Ֆինանսների նախարարության պաշտոնական էլեկտրոնային կայքերում), հետևաբար ուսուցիչների աշխատավարձերի կամ թոշակառուների թոշակների ուշացումների վերաբերյալ հոդվածում նշված պնդումները չեն կարող պայմանավորվել բյուջեի եկամուտների անբավարարության պատճառաբանությամբ:

Ինչ վերաբերում է ստուգման ակտերին, ապա 01.07.2018թ.-ից ուժի մեջ մտավ Հարկային օրենսգրքում հարկ վճարողների օգտին կատարված նոր փոփոխություն, որի համաձայն հարկային մարմնի իրականացրած հարկային հսկողության արդյունքներով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտերով հարկային պարտավորություններ առա­ջադրված լինելու դեպքում, նշված ստուգման կամ այլ վարչական ակտերը դառնում են անբողոքարկելի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, և դրանցով արձանագրված հարկային պարտավորությունները հարկ վճարողի կողմից ենթակա են կատարման նշված ակտերն անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում: Նշված իրավական պահանջն ապահովելու նպատակով, հարկային մարմնի ղեկավարի հանձնարարականի համաձայն, հարկային մարմնի աշխատակիցները ստիպված ջնջել են հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգ արդեն իսկ մուտքագրված ստուգման ակտերը, որպեսզի դրանցով օրենքով նախատեսված ժամկետից շուտ հարկային պարտավորություններ միասնական հաշվից պետական բյուջեի օգտին չմարվեն: Ջնջվել են ընդհանուր առմամբ 1731 ստուգման ակտ, որի արդյունքում արդեն իսկ պետական բյուջեի օգտին մարված գումարները վերադարձվել են միասնական հաշվին: Ջնջված կամ 01.07.2018թ-ից հետո կազմված ստուգման ակտերը էլեկտրոնային համակարգ են մուտքագրվում հարկային ծառայողների կողմից համապատասխանաբար դրանց կազմման օրվանից հաշվարկված՝ օրենսգրքով նախատեսված 2 ամիս և 10-րդ օրը լրանալու հաջորդ օրը՝ հարկ վճարողների պարտավորությունների մարման օրենքով սահմանված կարգը պահպանելու նպատակով: Նշված գործընթացն աշխատանքային անընդհատ պրոցես է, քանի դեռ էլեկտրոնային ինքնաշխատ կառավարման համապատասխան ծրագրային լուծումները չեն ներդրվել (դրանք գտնվում են պիլոտային փորձարկումների փուլում): Որպես վիճակագրություն ներկայացնենք, որ 2019թ. փետրվարի 1-ի դրությամբ առկա են շուրջ 47.5 մլրդ դրամ ընդհանուր գումարով կազմված 890 ստուգման կամ այլ վարչական ակտեր, որոնք հաշվառված չեն համապատասխան  հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում, քանի որ դեռևս չեն դարձել անբողոքարկելի կամ գտնվում են բողոքարկման վարույթներում:

Այսպիսով, առնվազն զավեշտալի է այն միտքը, որ գումարներ են մուտքագրվել բյուջե, պայմանով, որ դրանք պետք է վերադարձվեն հունվար և փետրվար ամիսներին: Ավելին, տեղեկատվական անվտանգության կոպտագույն խախտումով «Հարկատու-3» էլեկտրոնային համակարգից ընդհանուր պրոցեսից կտրված դուրս բերված առանձին հատվածների հիման վրա, բնականաբար, հնարավոր չէ կատարել թեկուզ մոտավոր եզրահանգումներ:

Միաժամանակ, ՊԵԿ-ը սկսել է ներքին քննություն հարկային գաղտնիք կազմող տեղեկությունները հրապարակած անձանց շրջանակը պարզելու և վերջիններիս պատասխանատվության ենթարկելու գործընթացը սկսելու համար: Խնդրում ենք զերծ մնալ ուղղորդված հրապարակումները տարածելուց և յուրաքանչյուր նմանօրինակ դեպքում փաստերը ճշտել Պետական եկամուտների կոմիտեից:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին