Foto

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը

Փետրվարի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանն ասել է, որ ԵՆԲ-ի հետ հաստատվել է արդյունավետ ու հաջողված գործընկերություն ևբանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերը նպաստում են Հայաստանի կայուն զարգացմանը: Փոխվարչապետը նշել է, որ ընթանում է Հայաստանին տրամադրվող բոլոր վարկային ծրագրերի վերլուծություն և գույքագրում:

Տիգրան Ավինյանն անդրադարձել է նաև այժմ ԱԺ-ում քննարկվող կառավարության ծրագրի գերակայություններին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մաչեյ Չուրան ասել է, որ այս տարի լրանում է Հայաստանի հետ ԵՆԲ գործընկերության 10 տարին, որի ընթացքում իրականացված և շարունակվող ծրագրերի ծավալը շուրջ 380 մլն եվրո է կազմել:

Նա նաև նշել է, որ կառավարության ներկայացրած զարգացման տեսլականը ներդաշնակ է ԵՆԲ-ի Հայաստանում գործունեության ռազմավարական նպատակների հետ, որոնք են սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացումը, մասնավոր հատվածին աջակցությունը և կլիմայական փոփոխությունների ազդեցության մեղմումը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տրանսպորտի, ջրային ռեսուրսների կառավարման համակարգի, էներգետիկայի և էներգաարդյունվետության ոլորտներին վերաբերող ծրագրերին ու դրանց կատարման գործընթացին։