Foto

Հայկ Մարտիրոսյան. Այսպես կոնֆլիկտի լուծման չեն գնում.այդկերպ նվազեցնում են շահելու սեփական շանսերը

ԼՂՀ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, որ 2017 թվականին Սերժ Սարգսյանը ամբողջ արցախյան վերնախավին մի դահլիճում էր հավաքել և խոսել զիջումների մասին: «2016 թվականի հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը Սերժ Սարգսյանը ակտիվի հետ զրույց է ունեցել, իսկ արդեն առավոտվա ժամը 6-ի կողմերը եղել է ՊՊԾ գնդի գրավումը», որից հետո էլ ստեղծվել է Ձեր՝ Հայկ Մարտիրոսյանի անմիջական մասնակցությամբ «Շուշիի» հռչակագիրը, որին միացել են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ղարաբաղի գործիչներ: Կա՞ր արդյոք կապ երկու իրադարձությունների միջև Vesti.am-ի հետ զրույցում քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը նշեց.

- Այո, բայց այդ կապն ուղղակի չէր: Այն անուղղակի էր: Եվ դա ապրիլյան մարտերն էին: Ապրիլը բացահայտեց մի հսկայական պետական-ազգային դավաճանություն, որին ես, Արա Պապյանը և Վահան Բադասյանն արձագանքեցինք որպես քաղաքական ոլորտի գործիչներ: Հենց այդ օրերի երկու այլ իրադարձություններ՝ նույն օրվա Սերժ Սարգսյանի գաղտնի հանդիպումը մի քանի կիլոմետր այն կողմ՝ Ստեփանակերտում և Սասնա Ծռերի այդ գիշերվա ապստամբությունը հետաքրքիր համընկնումներ էին, որոնք մեկ միասնական շղթայի՝ ապրիլյան հարձակման քաղաքական հետևանքների՝ խտացված դրսևորումներ էին: Տեղյակ եմ, որ մեր Շուշիի Հռչակագրի հենց հաջորդ օրը սկսված Սասնա Ծռերի օպերացիայի միջև նախկին ռեժիմն ուղղակի կապ է փնտրել: Այդ օրերին մեզ ինտենսիվ հետևում էին, շուրջօրյա գաղտնալսում: Տվյալներ էինք ստանում, որ տարբեր գերատեսչություններից Հայաստանի ուժային կառույցները տարբեր տեղեկություններ էին պահանջում մեր մասին, գաղտնի քննություններ վարում, փորձում էին գեթ մեկ կապ գտնել, բայց այդպես էլ չգտան: Եթե գտնեին՝ անպայմանորեն ձերբակալելու էին, որովհետև իրենց մոտ սխալ կասկածներ կային, թե կարող են մեր քաղաքական այդ կարևոր ակցիան և Ծռերի ռազմական ու բոլորովին մեզ հետ կապ չունեցող գործողությունը կապված լինել: Մենք սպասում էինք ռեպրեսիաների, բայց չէինք վախենում: Օրեր շարունակ Խորենացու փողոցում էինք և փորձում էինք ժողովրդի կողքին մնալ՝ միաժամանակ մամուլով հրապարակային կոչեր անելով ռեժիմին՝ գնալ զիջումների և ապստամբների հետ հաշտության, որպեսզի արյունահեղություն չլինի: Եվ ոչինչ չգտան: Չգտան, որովհետև որևէ կապ չկար: Այդ շրջանն իրոք դրամատիկ պահ էր իմ կենսագրության մեջ, որին հետագայում անպայմանորեն հետաքրքիր կլինի առավել մանրամասն անդրադառնալու: 

- Ի՞նչ եք կարծում՝ գրեթե բոլոր լրատվամիջոցներով լրջանառվող փոխզիջումների մասին խոսակցությունները հերթական կեղծ օրակարգերից է, թե իսկապես հողերի հանձման միտում կա: Հնարավոր է «Շուշիի» հռչակագրի անդամները կրկին ինչ որ քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ:

- Հողերի հանձնման միտում չկա, բայց վարվող քաղաքականությունը, որ ամենևին մտածված չէ, պլանավորված չէ և հիմքում ունի սխալ, շատ սխալ գաղափարախոսություն՝ անպայմանորեն բերելու է մի հանգրվանի, երբ այդ հարցը կանգնելու է այս իշխանության առաջ: Եվ դրա արդյունքում կամ հողեր պիտի հանձնվեն, կամ պատերազմ սկսվի: Եթե հողեր հանձնվեն՝ պատերազմ միևնույն է կսկսվի, եթե չհանձնվեն՝ էլի կսկսվի: Բայց հանձնելու պարագայում այդ պատերազմում հայկական կողմի պարտությունը, հետևաբար և Հայաստանի վերացումը ուղղակի անխուսափելի կլինի:

Ասածս այն է, որ քանի որ այս իշխանությունը շարունակում է նախկինների գիծը՝ մինուս ակնհայտ ցանկությունը դավաճանություն գործելու, ապա միևնույն է՝ արդյունքը լավ չի լինելու: Ըստ իմ պատկերացումների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից մոգոնված գաղափարները վերակենդանանալու միտում ունեն Հայաստանում: Դա ես անչափ վտանգավոր եմ համարում: Ուղղակի՝ ազգային անվտանգության և երկրի ու ժողովրդի գոյության սպառնալիք:

Այնպես որ կեղծ օրակարգ չկա: Կա շատ լուրջ, շատ կարևոր օրակարգ: Հիմա Շուշիի Հռչակագրի հիմնական ստորագրողների անելիքների մասին: Մեզ հետ այդ հռչակագիրը ստորագրել են բազում հայտնի մտավորականներ, նաև՝ այսօր պետական ամենաբարձր պաշտոններից մեկը զբաղեցնող մեր գաղափարակից ընկերներից մեկը: Դա հռչակագիր է այն բանի դեմ, որ որևէ հող, տարածք հանձնելու իրավունք որևէ մեկը չունի:

Հիմա, եթե որևէ մեկը «հողհանձնողականներից» կարողանա այդ օրակարգը դարձյալ իրականանալու եզրին կանգնեցնել՝ մենք արդեն ոչ միայն հռչակագիր կընդունենք, որ իրականում ընդամենը խորհրդանշական քայլ էր, բայց լուրջ ալիք բարձրացրեց, այլ այս անգամ արդեն ավելի մասշտաբային համաժողովրդական շարժում կնախաձեռնենք: «Ոչմիթիզհողականի» պատվավոր «պիտակը» մենք հպարտությամբ ենք կրում և կրելու ենք մինչև վերջ: Հայրենիքից ոչ մի թիզ հող չի կարելի զիջել: Եվ թող բանակցեն դիվանագետներն ու կառավարիչները: Հայաստանը չի կարող ոչինչ, ոչ մի թիզ հող՝ ոչնչի, անգամ՝ աշխարհի ամենածանրակշիռ երաշխիքների և Արցախի անպիտան անկախության դիմաց թշնամուն զիջել: Նման բան չպետք է տեղի ունենա: Նման բան հայ ժողովուրդը թույլ չի տա:

- Ձեր գնահատմամբ ի՞նչ է հիմա տեղի ունենում բանակցային գործընթացում:

- Շատ վատ բան. - բանակցություններ: Չի կարելի, անպատասխանատու է, անհարգալից է ուղղակի բանակցել մի ուժի հետ, որ ապրիլին հարձակում է գործել, որ շարունակում է զինվորներ սպանել, որ սահմանն անցածներին չի վերադարձնում, որ որևէ պայմանավորվածություն իրականում չի պահում, որ տասնյակ տարիներ ստորագրած հրադադարն է խախտում: Ուղղակի չի կարելի: Այն կողմում ոչինչ չի փոխվել բացի այն, որ հռետորաբանությունն ավելի է կոշտացել և արդեն հավակնում են Երևանին: Այդ դեպքում ինչի՞ շուրջ են բանակցում: Ինչու՞: Որտե՞ղ է մեր ազգային, պետական արժանապատվությունը: Հեղափոխության օրերին բոլորս տպավորություն ստացանք թե այն վերագտնվել է: Հիմա, այս բանակցություններով մենք վերակորցնում ենք այն: Եվ հետո՝ բանակցությունների առանցքը շարունակում է մնալ Մադրիդյան սկզբունքները: Իսկ դրանք բոլոր սցենարների պարագայում անփոփոխ մի բան են պահանջում. Ադրբեջանին հանձնել, չվերադարձնել, այլ հանձնել ազատագրված շրջանները: Հիմա ասացեք խնդրեմ ինչպիսի՞ օրակարգ են Ադրբեջանի հետ բանակցությունները: Իսկ այն փաստարկները, թե բանակցություններ չկան, ուղղակի հանդիպումներ են՝ քննադատության չեն դիմանում: Կարևոր չէ, թե ինչպես ենք անվանում: Եթե ժամեր շարունակ երկու երկրների ղեկավարները խոսում են փակ դռների հետևում՝ դա ավելին է քան պաշտոնական բանակցությունները: Դա ուղղակի անթույլատրելի է:

Ինչը՞ կարող է լինել պատճառ, որ Ադրբեջանը գնաց այն քայլին՝ թուլացնելով սահմանի լարվածությունը: Եղել է արդյոք ինչ-որ ներքին այլ պայմանավորվածություն ՓաշինյանԱլիև ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ:

- Միայն մի պատճառ կա: Հայաստանի նոր իշխանություններին ցույց տալ իբրև թե իրենք պատրաստ են պայմանավորվել՝ այդ նույն նոր իշխանություններին ծուղակ գցելու համար: Եվ մենք ընկանք այդ ծուղակը: Թե ինչ այլ պայմանավորվածություններ կան՝ չգիտեմ: Ամեն դեպքում այն ինչ արդեն հայտնի է դարձել՝ դարձյալ շատ վատ է քաղաքականության տեսանկյունից: Չի կարելի պայմանավորվել ամեն անգամ նույն տարածքում գտնվելիս խոսելու և հանդիպելու վերաբերյալ: Երկու եղբայրները գժտված չեն, որ պակտ ամեն անգամ հայրական տանը շփվելուց չխուսափելու վերաբերյալ: Դա երկու թշնամի պետություններ են, որոնցից մեկը մոլի կերպով ցանկանում է «լուծել» արդեն երեսուն տարի լուծված հարցը, իսկ մյուսն անզիջում կերպով՝ ցանկանում է «լուծել» մյուս կողմի գոյության հարցը: Եվ այդ երկուսը պայմանավորվում են ամեն անգամ իրարից չխուսափելու մասին: Կա՞ արդյոք նման նախադեպ բանական որևէ միջազգային հարաբերությունների դեպքում: Չկա: Ուղղակի չկա: Բայց մենք էլի առաջինն ենք: Ցավոք՝ ամենաանհեթեթ բաներում:

- Կարծում եք՝ ճիշտ մարտավարությու՞ն է վարում վարչապետ Փաշինյանը, երբ հայտարարում է, որ ինքը միայն Հայաստանի անունից կարող է բանակցել: Արցախին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու ի՞նչ ուղիներ եք տեսնում:

- Արցախին բանակցային սեղան պետք չէ վերադարձնել: Դա մոլորություն է: Այո’, Սերժ Սարգսյանի համեմատ այդ մոտեցումը կոշտացում է և լավ է, որ գոնե դա կա, բայց դա ամեն դեպքում լիովին ճիշտ տարբերակ չէ: Կրկնեմ: Բանակցելու ոչինչ Հայաստանը չունի: Հայաստանն ինքն է իրեն տասնամյակներ շարունակ թակարդը նետել՝ ի սկզբանե տգետ և հակապետակն գաղափարների կարծրացման արդյունքում: Դա սկսվել է դեռևս զինանադադարի ստորագրման օրերին: Այսպես կոնֆլիկտի լուծման չեն գնում: Այսպես կոնֆլիկտում նվազեցնում են շահելու սեփական շանսերը: Ադրբեջանում ուզում են բանակցել միայն մեկ թեմայով՝ ստանալ Արցախը, շրջակա ազատագրված տարածքները և հետո՝ բուն Երևանը: Հայաստանը բանակցում է, որ ի՞նչ անի: Հետո առևտուր սկսի վարել ադրբեջանի հե՞տ: եղբայրանա՞: Ամուսնական հարաբերություններ հաստատվեն երկու երկրների միջև՞: Թե՞ հարձակումից ու պատերազմից ենք վախենում: Պատերազմ միևնույն է լինելու է: Հիմա ինչի՞ շուրջ ենք բանակցում: Որ Արցախն անկախ լինի՞: Իսկ ու՞մ է պետք Արցախի անկախությունը: Արցախը պետք է Հայաստանի մաս լինի, ի՞նչ անկախություն: Երաշխիքների՞ ենք ձգտում: Միջազգային հարաբերություններում տրվող անվտանգության երաշխիքներին հավատում են միայն քաղաքկաանությունում հայտնված սանտեխնիկները: Չկա նման բան: Երաշխիքները խաբեության գործիք են: Դրանք երբևէ և երբեք չեն գործում: Ուրեմն ինչի՞ շուրջ ենք բանակցում: Եվ ինչու՞ ...

 

 

 

foto
Authoor: Tamara Abrahamyan