Foto

Ի՞նչ փրկագին, ո՞ւմ, ո՞ւմ հաշվին

ՀՀ կառավարության ծրագիրն Ազգային ժողովում ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք հետաքրքիր բացահայտումներ է կատարել, բայց առավել ուշագրավ է այն բացահայտումը, որ հեղափոխությունից հետո երկրում սոցիալական և քաղաքական կայունությունն ապահովելու նպատակով «կառավարությունը ստիպված է եղել փրկագին վճարել»:

Իհարկե, գնահատում ենք վարչապետի անկեղծությունը, բայց մի տեսակ ինքնախոստովանության պես է հնչում: Գանք սկզբին. վարչապետը հայտարարում է, որ պետական կառավարման կադրերի 90 տոկոսը «հին» կադրերն են, ովքեր, ըստ իրեն հասած օպերատիվ տեղեկությունների, հանձնարարություն են ունեցել սաբոտաժ իրականացնել, մասնավորապես վիժեցնել պետական հարկերի հավաքագրման գործընթացը, դրանով սոցիալական ընդվզումներ հրահրելու նպատակով: Հիմա ամենահետաքրքիրը. որպեսզի այդ սաբոտաժը չեզոքացվի, կառավարությունը ստիպված է եղել փրկագին վճարել: Այսինքն կառավարությունը հին համակարգի հետ ժողովրդի թիկունքում գործարքի՞ է գնացել:

Վարչապետը, այս բացահայտումը կատարելով, փորձում էր արդարացնել մեծ աղմուկ բարձրացրած պարգևավճարները: Իր խոսքով՝ հարկային չինովնիկները կաշառք վերցնելուց զրկվել են, «նալոգ հավաքելուց» զրկվել են, «ծրարներով փող ստանալուց» զրկվել են և, որպեսզի անշահախնդիր կատարեն իրենց պաշտոնեական պարտականությունները, «փրկագին» են ստացել:

Շատ հետաքրքիր կոմբինացիա է ստացվում. 2018 թվականի ապրիլին ժողովուրդը դուրս եկավ փողոց, որպեսզի ազատվի պետական պաշտոնյային կաշառք վերցնել, «նալոգ» հավաքել ստիպող, նրանց ծրարներով փող բաժանող իշխանությունից, բայց փոխարենը նրանց փրկագի՞ն է տվել: Բա տարբերությունը հին և նոր իշխանությունների մեջ ո՞րն է:

Մի հանգամանք էլ է ծագում. եթե պաշտոնյաները վատը չեն, այլ նախկին իշխանություններն են մեղավոր, որ կաշառք ու «նալոգ» է հավաքվել, ապա ինչու՞ մինչև հիմա այդ հին բարքերի պատասխանատուները պատասխանատվության չեն ենթարկվել: Ինչո՞ւ մինչև հիմա այդ հին բարքերին քաղաքական գնահատական չի տրվել, չեն նշվել պատասխանատուները: Եվ որ ամենավտանգավորն է, ինչո՞ւ է այդ գործարքը կատարվել ժողովրդի թիկունքում, ինչո՞ւ ոչ մի հանրահավաքի, ֆեյսբուքյան «լայվի», նույնիսկ «սև ու սպիտակ» ֆոնի վրա ընթացած քարոզարշավի ընթացքում չհայտարարվեց դրա մասին, ինչո՞ւ կառավարությունը չդիմեց ժողովրդի աջակցությանը, չհանեց նրան փողոց:

Մյուս կողմից, եթե այս հարցում կառավարությունը գնացել է գործարքի, ուրիշ ի՞նչ բնագավառներում է գործարքների գնացել, ո՞ւմ հետ: Նույնիսկ մտածելը սարսափելի է:

Այս հարցերին պետք է չափազանց սպառիչ պատասխաններ տրվեն, որովհետև ժողովրդի լայն աջակցությունը ստացած և գործարքների գնացող սուպերվարչապետական համակարգը երկրի ու ժողովրդի հետ անդառնալի «կատակներ» կարող է անել:

foto
Authoor: Eduard Saribekyan