Foto

Իշխանության տված խոստումները չեն արտացոլվել ծրագրում. Թանդիլյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը կառավարության ծրագրում բացթողումներ է տեսնում: Այդ մասին Թանդիլյանը ասել է ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։

«Մենք նախնական որոշակի քննարկում ենք անցկացրել, երբ ծրագրի նախագիծը ներկայացվեց: Այն որևէ կերպ չի համապատասխանում տնտեսական հեղափոխության՝ գոնե մեր պատկերացրած ընկալմանը»,-նշեց Թանդիլյանը:

Նա նշեց, որ ծրագրում որպես մակրոտնտեսական ցուցանիշ նշված է միայն ՀՆԱ-ի 5 տոկոս աճը: Թանդիլյանն այդ ցուցանիշը հեղափոխական, լավատեսական չի համարում։ «Անհրաժեշտ է կատարել լուրջ քայլեր, ոչ թե պահպանողական, ինչպես նախկին կառավարությունն էր անում»-ասաց Թանդիլյանը:

Նրա կարծիքով՝ իշխանության տված խոստումները չեն արտացոլվել ծրագրում: Կան նաև ռեֆորմներ, որոնք ընթացի մեջ են, սակայն կառավարության ծրագրում դրանց անդրադարձ չկա: