Foto

Սուրեն Պապիկյան. Կառավարության կողմից համայնքներին տրամադրվող գումարները պետք է լինեն թիրախային

Հայաստանի համայնքներում 2008 թվականից մինչ այսօր կուտակված 42 միլիարդ դրամի ապառք կա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարությունում համայնքապետերի հետ հանդիպմանն ասաց  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Նրա խոսքով՝ դրանք պարտքեր են, որոնք չեն հավաքագրվել նաև սխալ վարչարարության արդյունքում:

Անդրադառնալով կառավարության կողմից այս տարի համայնքներին հատկացվող 10 միլիարդ դրամ սուբվենցիաներին, Պապիկյանն ասաց, որ կառավարության կողմից տրամադրվող գումարները պետք է լինեն թիրախային: «Խոսքը վերաբերվում է ճանապարհաշինությանը, ջրահեռացմանն ու ջրօգտագործմանը: Այս տարի մի նոր ոլորտի ենք մենք աջակցություն ցուցաբերելու: Խոսքը վերաբերելու է համայնքներում բազմաբնակարան շենքերի տանիքների բարելավմանը»,- ասաց նա:

Նախարարի խոսքով՝ նախորդ տարվա փորձը ցույց է տալիս, որ այն համայնքները, որոնք տարվա ընթացքում կարողանում են գեներացնել համապատասխան միջոցներ, ի վիճակի են իրենց համայնքի բնակիչների համար կարևոր խնդիրների լուծմանը միտված քայլեր ձեռնարկել: «Այս տարի մենք շեշտադրումը պետք է դնենք տնտեսական ենթակառուցվածքների վրա»,- հավելեց նա: