Foto

«Ապահով համացանց». ամփոփվել է կիբերանվտանգության թեմայով լավագույն տեսանյութերի մրցույթը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունն այսօր ամփոփել է «Ապահով համացանց» շաբաթվա շրջանակում դպրոցականների և երիտասարդների շրջանում հայտարարված կիբերանվտանգության թեմայով տեսանյութերի մրցույթը: Շնորհավորելով բոլոր հաղթողներին՝ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, նշել է. «Անցած շաբաթ մեկնարկել է «Ապահով համացանց» միջոցառումների շարքը, որոնց նպատակն է դասախոսությունների միջոցով աշակերտներին սովորեցնել այն հմտությունները, որոնք թույլ կտան հրաժարվել և խուսափել անցանկալի բովանդակությունից և պաշտպանվել կիբերհարձակումներից: Կարծում եմ, որ այս կանոններին պետք է հետևել ողջ տարվա ընթացքում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մրցութային հանձնաժողովին, քանի որ իսկապես դժվար է եղել ստացված 170 հայտից ընտրել լավագույն 5 տեսանյութերը: Ուրախ ենք, որ հաղթողների շարքում տարիքային տարբեր խմբերի ներկայացուցիչներ են՝ աշակերտներ, պատանիներ և երիտասարդներ»:

Մրցութային հանձնաժողովի անդամ Սամվել Մարտիրոսյանն իր հերթին նշել է, «Ապահով համացանց» շաբաթը շատ կարևոր է, և պետք է մեծ ուշադրություն դարձնել այս խնդրին: «Երեխաներն այսօր առավել անպաշտպան են, և մեծահասակները երբեմն չեն գիտակցում, որ նրանց պետք է պաշտպանել: Պետք է նշեմ, որ  դպրոցներում և բուհերում վիդեոբլոգերներ են կայացել, որոնք շատ հետաքրքիր բովանդակություն են ստեղծում, և մեծահասակաները հաճախ չեն իմանում, որ առանձին մշակութային շերտ է ձևավորվել: Ընտրել լավագույններին իսկապես բարդ էր, սակայն ցանկանում եմ շեշտել մի քանի սկզբունք, որոնցով առաջնորդվել ենք: Նախ՝ մրցույթից դուրս ենք թողել բազմաթիվ տեսանյութեր, որոնց սյուժեները, կադրերը, նկարները հեղինակներինը չէին: Մեզ համար գերադասելի էին ինքնուրույն, ստեղծագործական տարրեր պարունակող տեսանյութերը, որոնք գուցե և չունեին որակյալ կադրեր և ձայն, սակայն ինքնատիպ էին և հետաքրքիր»,-նշել է Սամվել Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ, ցավոք, մրցանակային տեղերը սահմանափակ էին:

Միջոցառման ընթացքում լավագույն հինգ տեսանյութերի հեղինակներին նախարար Արայիկ Հարությունյանը հանձնել է ԿԳՆ շնորհակալագրեր, ինչպես նաև մրցանակներ, որոնք տրամադրել էին UCOM ընկերությունը և STEM միությունը:

Նշենք, որ տեսանյութի թեման պետք է կապ ունենար կիբերանվտանգության հետ՝ սոցիալական ցանցերում անձնական տվյալների պաշտպանությունից մինչև երեխաների դեմ կիբերհալածանքների (cyber bullying) դեմ պայքար։ Մասնակիցների առավելագույն տարիքն էր՝ 25 տարեկան: Լավագույն տեսանյութերը կցուցադրվեն դպրոցներում, ինչպես նաև կտեղադրվեն ԿԳՆ կայքում և Ֆեյսբուքյան էջում:

Լավագույն տեսանյութերի հեղինակներն են՝  

Մանգասարյան էլեն- ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի

Խաչատրյան Մերի-ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի

Արևշատյան Շուշան- ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի

Դավիթ Դավթյան- Մոսկվայի ազգային հետազոտական միջուկային համալսարանի (ՄԻՖԻ) ուսանող

Հայկանուշ Հովհաննիսյան- CoderDojo նախագծի ծրագրի համակարգող