Foto

Ջոնի Մելիքյան. Վրաստանում սա ադրբեջանական հերթական հակահայկական պրովոկացիան էր

Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց ազգությամբ ադրբեջանցի մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացնում: Բողոքի պատճառն Ախալքալաքիի Բուղաշեն գյուղում Արցախյան պատերազմի ազատամարտիկ Միքայել Ավագյանի արձանի վերաբացումն է:
 
Վրացագետ Ջոնի Մելիքյանը Vesti.am-ի հետ զրույցում նշեց, որ մեր հարևաններն ամեն հնարավորություն օգտագործում են Վրաստանի տարածքում՝ հակահայկական ալիք բարձրացնելու, հակահայկական տրամադրվածքություն ձևավորելու ուղղությմբ՝ խեղաթյուրելով անգամ փաստերը:
 
«Ակցիայի ժամանակ խոսվեց այն մասին, որ Միքայել Ավագյանն իբրև Աբխազիայի պատերազմին է մասնակցել, արձանը նոր չի տեղադրվել և հարազատներն էլ ոչ մի գումար չեն ծախսել այդ միջոցառման համար և այլն, ևայլն: Այսինքն նրանք ամեն ինչ խառնեցին իրար, որ կարողանան ապատեղեկատվությամբ ինչ-որ հակահայկական ալիք բարձրացնեն: Ակցիայի ժամանակ ինչպես տեսաք երևացին նաև հակահայկական դեմքեր, ովքեր քսան տարի և ավել հակահայկական տրամադրվածություններ են բարձրացնում Վրաստանում, կիսագիտական բուկլետներ են պատրաստում, որոնց մի մասն էլ ֆինասական աջակցություն է ստանում Ադրբեջանից, ոմանք անգամ մեդալներով են պարգևատրվել»,- ասաց Ջոնի Մելիքյանը:
 
Վրացագետի դիտարկմամբ՝ պետք է այս պարագայում հասկանանք, որ պաշտոնական արձագանքն արձանի հետ կապված շատ կոռեկտ էր: «Պետք է հաշվի առնել նաև այն մասսան , որ այնտեղ հավաքված էր՝ պատգամավորներ, ընդդիմության հետ կապված ակտիվիստներ: Նրանք սկզբում հայտարարեցին , որ իրենք Հայաստանի դեմ չեն, այլ սեպարատիզմի դեմ են պայքարում, բայց հետո փոխեցին բնույթը և Հայաստանի դեմ որոշ բաներ խոսեցին, իսկ հետո արդեն քննադատությունը գնաց դեպի իրենց իշխանությունը»,- նշեց մեր զրուցակիցը:
 
Պարոն Մելիքյանը նկատեց.«Փաստն այն է, որ ադրբեջնցիները բարձրաձայնելով կարևոր կամ ոչ կարևոր հարցեր, փորձում են իրենց դիրքերն ամրապնդել՝ թուլացնլով հայկական դիրքերը: Կարծում եմ՝ շատ լավ կլիներ, որ Վրաստանի մեր համայնքաին կառույցներն արձագանքեն և բնակչությանը տրամադրեն ճիշտ տեղեկատվություն արձանի մասին: Նշեմ, որ այդ նույն հարցով կարող է մեր հայկական հայմայնքը բարձրաձայնի և պահանջի ապամոնտաժել 2016-ին Մարնեուլիի գյուղերից մեկում, դպրոցի բակում տեղադրված Ադրբեջանի ազգային հերոս Ջալիլ Սաֆարովի արձանը: Եթե ավելի լուրջ մոտենանք հարցին, բարձրացված աղմուկն այնքան էլ արձանի հետ կապ չունի, սա ադրբեջանցիների համար առիթ էր Վրաստանում հակահայկական ալիք բարձրացնելու համար:
Հայ-վրացական հարաբերությունների դրական ընթացքը մտահոգություն է առաջացնում հարևան Ադբեջանում: Երբ տեղի ունեցավ ոչ պաշտոնական հանդիպումը Հայաստանի և Վրաստանի վարչապետերի միջև, օրեր անց այս ամենը սկսվեց: Նրանց յուրաանչյուր քայլ շատ լավ էր կազմակերպած, ճիշտ շեշտադրումներով: Կարծում եմ՝ հակազդելու կարիք կա, բայց դա պետք է լինի Վրաստանի քաղաքացի ազգությամբ հայերի կողմից, իրենց կառույցներով, ընտրած պատգամավորներով և ինքնակառավարման մարմինների ղեկավարներով»:
Կարծիք հնչեց, որ սա կարող է հրահրված լիներ Ռուսաստանի կողմից, արդյո՞ք դա հնարավոր տարբերակ է, թե պարզապես փորձեցին սլաքներն ուղղել դեպի Ռուսաստան , մեր հարցին ի պատասխան վրացագետը նշեց, որ ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ սա նաև Ռուսաստանի պրովոկացիան է, սակայն վստահաբար կարող ենք ասել՝ նման բան չկա:
 
 
foto
Authoor: Tamara Abrahamyan