Foto

Լավ չի չէ՞, պարոն նախարար

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը կոչ է արել կառավարության ծրագրում միայն թվեր չփնտրել, այլ ուշադրություն դարձնել առաջ քաշված թեզերին: Միաժամանակ նախարարը կառավարության ծրագրի նախագիծը համարում է հեղափոխական (դե հո հակահեղափոխական չէր լինելու), որովհետև կառավարությունը բարձր տեխնոլոգիաները և ռազմարդյունաբերությունը դիտարկում է որպես գերակա ճյուղ։

Որ Հակոբ Արշակյանի համար թվերն էական չեն, արդեն վաղուց է հայտնի, նրա համար փետրվարն էլ 31 օր ունի։ Գուցե դա է պատճառը, որ նրա գերատեսչության աշխատանքները նախանշող 3 բաժնում բացառապես ոչ մի թիվ չկա, եթե չհաշվենք վերնագրերի համարակալումը։

Հիմա մի նուրբ նկատառում

Նախագծի 6․5 բաժնում նախատեսվում է երկաթուղային սակագների բարելավում և երկաթուղային շարժակազմի նորացում և արդիականացում։ Լավ միտք է, եթե․․․

Իրականությունն այն է, որ այս ոլորտում սակագնային քաղաքականություն որոշողը, խոշոր հաշվով, երկաթուղու կառավարիչներն են։ Նրանք էլ իրենց ծառայությունների սակագները որոշում են ըստ փոխադրումների ծավալի։ Հիմա հարց․ մեր կառավարությունը ինչպե՞ս, ի՞նչ ժամկետներում, ի՞նչ աղբյուրների միջոցով է պատրաստվում մեծացնել ուղևորա և բեռնափոխադրումների ծավալը, որպեսզի հասնի դրանց սակագների բարելավմանը։ Գուցե Վրաստանի տարածքով հացահատկի ավտոմոբիլային փոխադրումները սահմանափակելո՞վ ավելացնենք երկաթուղու ծավալները։ Հայաստանում ալյուրի գինն արդեն հասել է հնարավոր մաքսիմումին, շուտով հացը խանութներում կարող է թանկանալ և դրա պատճառներից մեկն էլ փոխադրումների մեջ է։ Մյուս կողմից՝ Հայաստանում արդյունահանվող հանքանյութի գերակշիռ մասը հանրապետության տարածքում փոխադրվում է ավտոմոբիլային տրանսպորտով, որովհետև երկաթուղի կամ չկա, կամ ՀԿԵ կառավարման տարիներին թալանվել, փակվել կամ գործածությունից դուրս է եկել։ Նախարարը հաստատ չի մոռացել, թե քանի անգամ են շարժակազմերը դուրս եկել գծերից։ Նա հավանաբար գիտի նաև, թե որքան է երկաթուղային տրասպորտի միջին արագությունը Հայաստանի տարածքում։ Թվերի նկատմամբ խրոնիկ ալերգիա ունեցողներն այն ուղղակի համեմատում են կրիայի հետ։

Ստացվում է, որ եթե կառավարությունը չի կարողանում երկրի ներսում բեռներ գեներացնել և տալ երկաթուղուն, ապա սակագների հարցը մնալու է ՀԿԵ տիրույթում։ Բայց այստեղ էլ մի կարևոր բայց կա․ հեղափախական կառավարության առաջին աղմկահարույց բացահայտումներից մեկը վերաբերում էր Հարավկովկասյան երկաթուղիներում բազմամիլիոն չարաշահումներին։ Բանը հասավ նույնիսկ միջպետական հարաբերությունների մակարդակ ու մնացել է քննչական մարմիններում։ Հիմա հաջորդ հարցը․ բացահայտված չարաշահումներն ի՞նչ եղան, խնդիրը լուծվե՞ց, քննությունը ո՞ր փուլում է, և ամենակարևորը՝ Երկաթուղին ցանկանու՞մ է խոսել կառավարության հետ։ Եվ ընդհանրապես, եթե խոսք գնաց թեզերից, ինչու՞ չվերանայել երկաթուղու հավատարմագրային կառավարման պայմանագիրը։

Իսկ ուղևորատար շարժակազմի թարմացումն ու արդիականացումն ուղղակի կարելի է մոռանալ, որովհետև հավատարմագրային կառավարման պայմանագրով մեր կառավարությունը դեռ մի բան էլ սուբսիդավորում է ուղևորափոխադրումները։ Այսինքն ՀԿԵ-ն չի կարող ներդրումներ անել, որովհետև վնասով է աշխատում, իսկ կառավարությունը չի կարող ներդրումներ անել, որովհետև մի կերպ սոուբսիդավորում է։

Եթե Տրանսպորտի նախարարությունում այս հոդվածը կկարդան, խնդրում եմ, թող ինձ չմեղադրեն թվեր չներկայացնելու համար, ուղղակի թող ուշադրություն դարձնեն բերածս թեզերին։

Լավ չի չէ՞․․․

foto
Author: Eduard Saribekyan