Foto

Հայաստանը նախապատրաստելու և ԵԱՏՄ-ին ներկայացնելու է մի շարք ապրանքների մաքսատուրքերի իջեցման առաջարկ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ալբերտ Բաբայանը հայտնում է նախարարության կողմից Հայաստանի համար որոշ զգայուն ապրանքատեսակների համար մաքսատուրքերի իջեցման առաջարկ կազմելու և Եվրասիական տնտեսական միություն ներկայացնելու մտադրության մասին:

Բաբայանն այս մասին ասաց Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստում:

Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը նշեց, որ ԵԱՏՄ-ի շրջանակում Հայաստանին տրված են համապատասխան մաքսատուրքեր: «Մեզ մոտ մի շարք ապրանքների գներ թանկանալու են: Կա ՞ն դեպքեր, երբ ՀՀ-ն հարց է բարձրացրել ԵԱՏՄ-ի առջև, որ մի շարք ապրանքների մաքսատուրքեր իջեցվեն»,-հետաքրքրվեց Մելքումյանը:

Բաբայանը նշեց, որ, իսկապես, Հայաստանը, անդամակցելով ԵԱՏՄ-ին, ստանձնել է պարտավորությունների շարք մաքսատուրքերի մասով, որոնք նախկին մաքսատուրքերի համեմատ ավելի բարձր են: «Ստանձնել ենք Ռուսաստանի մաքսատուրքերի պարտավորությունը: Քանի որ մեր մաքսատուրքերը բարձրացան, ԱՀԿ անդամ երկրներից մոտ տասնմեկը դիմել է Հայաստանին, որ ՀՀ-ն բարձրացված մաքսատուրքերի արդյունքում առաջացած խնդրի համար վերաբանակցություն վարի: Կարող է լինել մաքսատուրքերի իջեցում որոշ ապրանքների մասով, որոնք հետաքրքրություն կներկայացնեն, կամ որոշակի ապրանքների մասով, որոնք հետաքրքրություն են ներկայացնում այդ երկրների համար: Հայաստանի համար զգայուն ապրանքատեսակների մասով… մենք նախապատրաստելու ենք առաջարկներ և ներկայացնելու ենք ԵԱՏՄ: Եվ դա նորմալ գործընթաց է, այլ անդամ երկրներ ևս ներկայացնում են նման առաջարկներ»,-նշեց Բաբայանն ու հավելեց, որ օրենսդրական որևէ խոչընդոտ այդ գործընթացի համար Հայաստանը չունի:

Նա հիշեցրեց, որ Հայաստանում հինգից յոթ տարիների կտրվածքով պետք է բարձրանային որոշակի մաքսատուրքեր` մոտ ինը հարյուր ապրանքատեսակների համար: Դրանք պետք է աստիճանաբար հասնեին ԵԱՏՄ միասնական դրույքաչափերին: Արդեն որոշակի ապրանքների մասով բարձրացումներ եղել են, 2019-ին դրանք շարունակվելու են: Այս տարի մոտ հինգ հարյուր ապրանքատեսակների մասով կա մաքսատուրքերի բարձրացում` ընդ որում Հայաստանի համար զգայուն ապրանքատեսակների համար: