Foto

Վալերի Օսիպյանն անակնկալ այցեր է կատարել ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը փետրվարի 6-ին անակնկալ այց է կատարել ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման քննական ստորաբաժանում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վալերիյ Օսիպյանը զրուցել է մեքենա հաշվառող քաղաքացիների հետ, լսել նրանց կարծիքը մատուցվող ծառայությունների մասին: Ոստիկանության պետը հետևել է հերթերի կանոնակարգմանը, ոստիկաններից պարզաբանումներ պահանջել ծառայության վերաբերյալ:

ՀՀ ոստիկանության պետը զրուցել է նաև այդ պահին վարորդական վկայական ստանալու համար քննություն հանձնող քաղաքացիների հետ ու հետևել քննության ընթացքին:

Այցի շրջանակում Վալերիյ Օսիպյանը շրջել է ստորաբաժանման տարածքում, արել դիտողություններ ու տվել կոնկրետ հանձնարարականներ թերությունները վերացնելու համար:

Նույն օրը ՀՀ ոստիկանության պետն անակնկալ այցեր է կատարել նաև ոստիկանության Էրեբունու, Կենտրոնական բաժիններ ու անձնագրային և վիզաների վարչության Կենտրոնական անձնագրային բաժանմունք, շրջել ստորաբաժանումների բոլոր ծառայություններում, զրուցել քաղաքացիների հետ:

Այցերի ընթացքում Վալերիյ Օսիպյանը մատնանշել է թերություններն ու բացթողումները, ցուցումներ տվել կարճ ժամանակում վերացնել դրանք ու քաղաքացիներին մատուցել ավելի բարձրորակ ծառայություն:

Նմանատիպ անակնկալ այցերը կրելու են շարունակական բնույթ: