Foto

Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը ՀՀ առաջնահերթ գերակայություններն են. ՀՀ կառավարության ծրագրից

Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր ծրագրի նախագծում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Ծրագրում նշված է, որ արտաքին քաղաքականությունն իրականացնելիս Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հավաքական շահերով:

Կառավարության արտաքին քաղաքականությունը նպատակաուղղված է Հայաս­տանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանությանը, Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովմանը, Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանը, բոլոր պետությունների հետ փոխշահավետ և իրավահավասար հարա­բերությունների շարունակական զարգացմանը, միջազգային ու տարածաշրջա­նային գործընթացներին Հայաստանի ներգրավվածության ավելացմանը, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության խորացմանը՝ Հայաստանի կայուն զարգացմանը և տնտեսության արդիականացմանը, նոր շուկաներ մուտքի ապահովմանը և դեպի Հայաստան ու Արցախ օտարերկրյա ներդրումների ավելացմանը։

Կառավարության արտաքին քաղաքականության սկզբունքային առաջնայնություն­ներն են՝ միջազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովումն ու հակամարտությունների խաղաղ կարգավորումը, կայուն զարգացմանն ուղղված միջազգային և տարածաշրջանային համագործակցությունը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը, ժողովրդավարության ամրապնդումը, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը։

Արտաքին քաղաքականության ոլորտում կառավարությունը գործելու է՝

- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ղարաբաղյան հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ, ինչի հիմքում պետք է ընկած լինեն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, մասնավորապես, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքը։ Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են:

Բանակցությունների արդյունավետության համար էական նշանակություն ունի խաղաղությանը նպաստող մթնոլորտի առկայությունը՝ ներառյալ վստահության և անվտանգության միջոցների ամրապնդումը, հակամարտության սրման ռիսկերի նվազեցումը, ագրեսիվ հռետորաբանության բացառումը։

Կառավարությունը վերահաստատում է, որ Արցախը, որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրական և տևական խաղաղության հաստատմանն ուղղված հանգուցալուծման գործընթացում.

- Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման գործընթացի շարունակականությունն ապահովելու ուղղությամբ: Մարդկության դեմ այդ հանցագործության ճանաչումը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը, կայունությանը և ժողովուրդների միջև համերաշխությանը, ինչպես նաև ոճրագործու­թյունների կանխարգելմանը.

- Հայաստանի տնտեսական զարգացման ուղղությամբ` խթանելով կայուն զարգացման օրակարգը, արդիական, գիտելիքահենք, ստեղծագործ ու նորարական նախաձեռնությունները, ծրագրերն ու գործընթացները: Այս ոլորտում Կառավարության ջանքերը նպատակաուղղված են լինելու նաև օտարերկրյա ուղղակի ներդրումների աճին, միջազգային լավագույն օրինակների ու փորձառության փոխառմանը, նոր շուկաների բացահայտմանը և արտահանման ավելացմանը, դեպի Հայաստան զբոսաշրջության խթանմանը, միջկառավարական հանձնաժողովների աշխատանքներում տնտեսական բաղադրիչի արդյունավետության բարձրաց­մանը, սփյուռքի գործարար ներուժի լիարժեք ներգրավմանը, միջազգային տնտեսական ինտեգրացիոն կառույցների շրջանակներում ՀՀ տնտեսական շահերի առաջմղմանը.

- Հայաստանում և միջազգային ասպարեզում ժողովրդավարական հաստատու­թյունների առավել ամրապնդման, մարդու իրավունքների և հիմնարար ազատու­թյուն­ների պաշտպանության ընդլայնման, իրավունքի գերակայության և լավ կառավարման հետագա խթանման ուղղությամբ` այս բնագավառում սերտորեն համագործակցելով համապատասխան միջազգային կազմակերպությունների ու կառույցների հետ.

- միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման ուղղությամբ` ներառյալ չտարածման և սպառազինությունների վերահսկման, ահաբեկչության և անդրազգային սպառնալիքների դեմ պայքարի, ինչպես նաև միջազգային խաղաղա­պահության միջոցով.

- ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների կանխար­գելման ուղղությամբ` շարունակելով առաջամարտիկի դեր խաղալ այս հարցում իրականացվող միջազգային ջանքերում։ Այս առումով Կառավարությունը շարունակելու է հետամուտ լինել նաև ազգային, էթնիկ, կրոնական և ռասսայական հողի վրա խտրականության և անհանդուրժողականության դրսևորումների դեմ միջազգային պայքարին.

- հայ ժողովրդի ինքնության ամրապնդման, քաղաքակրթական արժեքների և պատմամշակութային ժառանգության պաշտպանության ու հանրահռչակման ուղղությամբ: Կառավարությունը կարևորում է մշակութային և գիտակրթական կապերի, մարդկային շփումների և հանրային դիվանագիտության խորացման անհրաժեշտու­թյունը՝ որպես ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման միջոց, որոնց իրականացման գործում իր դերակատությունն ունի նաև սփյուռքը.

- օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրա­պետության քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու շահերի պաշտպանության, արտակարգ իրավիճակներում հայտնված հայրենակիցներին աջակցության ցուցաբերման ուղղությամբ։

Կառավարությունն ակտիվորեն աշխատելու է՝

- Եվրասիական տնտեսական միությունում և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի ակտիվ և նախաձեռնողական մասնակցությունն ապահովելու ուղղությամբ՝ նպաստելով նաև այդ կառույցների արդյունավետության առավել բարձրացմանը.

- Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական-դաշնակցային հարաբե­րությունները զարգացնելու ուղղությամբ՝ այս նպատակը դիտարկելով մեր գլխավոր առաջնահերթությունների թվում։ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները հիմնված են բարեկամության, իրավահավասարության, հարցերը համատեղ ջանքերով լուծելու պատրաստակամության վրա։ Կառավարությունը Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության ռազմական համագործակցությունը դիտարկում է որպես Հայաստանի անվտանգության ապահովման համակարգի կարևոր բաղկացուցիչ.

- Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերության հետևողական զարգացման ուղղությամբ։ Կառավարությունը նպատակադրված է խորացնելու գործակցությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ՝ Հայաստանի զարգացման ու բարեփոխումների օրակարգին աջակցելու և տարածաշրջանային կայունությանը միտված երկխոսության ընդլայնման ուղղությամբ.

- ԵՄ-ի, նրա անդամ պետությունների և եվրոպական այլ երկրների հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու և գործընկերությունն ընդլայնելու ուղղությամբ։ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկումը դիտվում է որպես Հայաստանի զարգացմանն ուղղված Կառավարության բարեփոխումների օրակարգին նպաստող նշանակալից գործոն։ Կառավարությունը շարունակելու է քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրա­պետության քաղաքացիների համար ԵՄ-ի մուտքի արտոնագրերի ազատականացման ապահովման ուղղությամբ.

- Իրանի և Վրաստանի հետ առանձնահատուկ բարիդրացիական հարաբե­րություններ զարգացնելու ուղղությամբ, որոնք հնարավորինս զերծ կլինեն այլ աշխարհաքաղաքական ազդեցություններից.

- Չինաստանի հետ բարեկամական հարաբերություններին բնորոշ բազմաոլորտ լայն համագործակցություն ծավալելու և ընդլայնելու, Հնդկաստանի և Ճապոնիայի հետ բարեկամական և փոխշահավետ փոխգործակցությունը զարգացնելու ու խորացնելու ուղղությամբ.

- ընդլայնելու փոխգործակցությունը Մերձավոր Արևելքի գործընկեր երկրների հետ.

- զարգացնելու համագործակցությունն ամերիկյան, ասիական, աֆրիկյան և խաղաղօվկիանոսյան պետությունների հետ:

Բազմակողմ հարթակներում Կառավարությունը կարևորում է՝

- ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում և միջազգային այլ կառույցներում Հայաստանի առավել ակտիվ ներգրավվածությունը և Հայաստանի Հանրա­պետության շահերի պաշտ­պանությունը՝ ներառյալ անվտանգության, կայուն զարգացման և մարդու իրավունքների ոլորտներում.

- ԱՊՀ շրջանակներում համագործակցությանն ակտիվ մասնակցությունը, այդ թվում՝ ԱՊՀ երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը.

- ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակումը, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հետևողական իրականացումը.

- Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի ներգրավ­վա­ծության խորացումը, ՖՄԿ-ում Հայաստանի նախագահության բարձր մակարդակով իրականացումը։