Foto

Դեղագործության ոլորտում կիրականացվի ավելի քան 7 մլրդ դրամի ներդրումային նոր ծրագիր

Կառավարությունը թույլատրեց «ԼԻԿՎՈՐ» ընկերությանն օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ «Լիկվոր» ՓԲԸ-ն հանդիսանում է ստերիլ դեղամիջոցներ արտադրող ընկերություն, գործում է քիմիական արդյունաբերության բնագավառում, որն արդյունաբերության ենթաոլորտ է:

Համաձայն Հայաստանի Հանրապետության 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի` արդյունաբերությունը հանդիսանում է գերակա ոլորտ:

«Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ստերիլ դեղամիջոցների, ակնակաթիլների արտադրության մեջ։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 7 մլրդ 623 մլն 943 800 դրամի ներդրում, որն ուղղված է լինելու հումքի, նյութերի, օժանդակ նյութերի, տեխնոլոգիական սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ներմուծմանը: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 8 նոր աշխատատեղ՝ 75 500 դրամ միջին աշխատավարձով»,- ասաց Խաչատրյանը։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի  12 մլրդ 927 մլն 548 հազար դրամ, որից 3 մլրդ 778 մլն 908 հազար դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 1 մլրդ 080 մլն  982 հազար դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 8 մլրդ 067 մլն 657 հազար դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում։

Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։