Foto

Ի՞նչ անել ութ միլիոն դոլարով

ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը հաշվել է, որ պետպաշտոնյաների տարեվերջյան պարգևավճարների համար ընդհանուր առմամաբ հատկացվել է 4 մլրդ դրամ` մոտավորապես 8մլն 100 հազար դոլար։ 

Ֆեյսբուքյան իր էջում Գևորգ Աճեմյանը գրել է, որ «հեղափոխության արժեքներ կրող ուժն այս միջոցները պետք է ուղղեր աղետի գոտու վերացմանը կամ սահմանապահ գյուղերի զարգացմանը, և կապ չունի, որ այն (պարգևավճարը՝ խմբ.) օրենքով նախատեսված է»։

Ութ միլիոն դոլար. իսկապես՝ որքա՜ն գործ կարելի է անել աղետի գոտում այս գումարով, որքան աշխատատեղ կարելի է բացել, բնակարան կառուցել, մանկապարտեզ կամ դպրոց վերանորոգել, ջրագիծ կամ ճանապարհ կառուցել: Այո, նույնիսկ կարևոր չէ, թե պարգևավճարները թույլատրված են օրենքով, որովհետև երկրում կուտակված խնդիրների լուծման համար անհրաժեշտ է մոբիլիզացնել բոլոր հնարավորություններն ու ռեսուրսները: Այսօր քաղաքացիները հանդուրժում են կարմիր գծերն ու արագաչափերը, որպեսզի մանկապարտեզները չփակվեն, հանդուրժում են ծանր հարկերը, որովհետև ուսուցիչները, բանակն ու ոստիկանությունը պետք է վարձատրվեն, հանդուրժում են ճանապարհների կարկատած ասֆալտն ու ավտոմեքենաների անիմաստ դարձած տեխզննումները, որովհետև նոր Հյուսիս-հարավ ավտոճանապարհ են ուզում ունենալ: Ի վերջո մեր քաղաքացիները հանդուրժում են «մեղմ» ասած ոչ արհեստավարժ կառավարիչների և օրենսդիրների մտքերի փայլատակումները, որովհետև հեղափոխությունն արել են բոլորը և բոլորն այս քաղաքական թիմից սպասում են արդարացի կառավարում:

Դժվարությունները միայն հասարակ քաղաքացիների համար չեն: Մենք արդեն դա տեսել ենք «մութ» տարիներին, երբ լծակներ ունեցող կամ վճարունակ քաղաքացիները «լեվի» լույս ունեին, իսկ շարքային անվճարունակները մոմի կրակով կաթ էին տաքացնում նորածինների և հիվանդների համար: Մենք չենք մոռացել, որ պետական միջոցներից տարիներ շարունակ հակածխախոտային պայքարի անվան տակ գումարներ էին տրամադրվում անհասկանալի կազմակերպություններին, որոնք Հանրապետության հրապարակում փուչիկ տրաքացնելով էին զբաղված: Մենք շատ բան ենք հիշում, բայց ուզում ենք դա արագ մոռանալ:

Հրապարակի ժողովրդի ձայները պետք չի մսխել պետական հիմնի փոփոխման կամ պարգևավճարների համար, որովհետև մենք ավելի լուրջ մարտահրավերներ ունենք: Եվ կեղծ են այն պնդումները, թե «պրոֆեսիոնալ» կառավարիչները պետք է բարձր վարձատրվեն: Նրանք նախևառաջ պետք է ապացուցեն, որ իրենք պրոֆեսիոնալ են, ոչ թե փուչիկ փչող:

 

 

 

foto
Authoor: Eduard Saribekyan