Foto

Երևանի քաղաքապետարանը կշարունակի աջակցել սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ և Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության աջակցությամբ իրականացվող ծրագրերը կլինեն շարունակական: Քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է երկրամասային կազմակերպության կողմից ծրագրի ղեկավար քահանա Կառլ-Հայնց Շայդեի հետ:

Կարևորելով սոցիալական նշանակության համատեղ ծրագրերի իրականացումը՝ Հրաչյա Սարգսյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է շարունակել համագործակցությունը և աջակցել նմանատիպ նախաձեռնություններին: Անդրադառնալով «Գթության խոհանոց» ծրագրին՝ քաղաքապետի առաջին տեղակալը նշել է, որ այսօր քայլեր են ձեռնարկվում ծրագրի շահառուներին որևէ օգտավետ աշխատանքում ներգրավելու նպատակով:

Շնորհակալություն հայտնելով համագործակցության պատրաստակամության համար՝ Կառլ-Հայնց Շայդեն նշել է, որ ավագանու ընտրություններում գրանցված արդյունքը վկայում է, որ քաղաքային իշխանությունը վայելում է հանրության  վստահությունը, ինչն, անշուշտ, ոգևորիչ է ու պարտավորեցնող: Նա նաև վստահեցրել է, որ իր հերթին կանի հնարավորը, որ կազմակերպությունը շարունակի մասնակցել քաղաքապետարանի կողմից նախաձեռնվող սոցիալական նշանակության նոր ծրագրերին ու նախաձեռնություններին: