Foto

Իմ քայլը խմբակցությունը նոր պատգամավոր ունի

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատգամավորական մանդատ տրամադրեց «Իմ քայլը» դաշինքի տարածքային ցուցակով թիվ 4 ընտրատարածքում առավելագույն ձայներ հավաքած երկրորդ թեկնածուին՝ Վարդան Աթաբեկյանին: ԱԺ-ում պատգամավորական տեղը թափուր էր մնացել «Իմ քայլը» դաշինքի տարածքային ցուցակով թիվ 4 ընտրատարածքից ընտրված Վահագն Գրիգորյանի՝ մանդատը վայր դնելու որոշումից հետո:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հունվարի 30-ին հրավիրված նիստում հայտարարեց, որ ստացվել է ԱԺ նախագահի գրությունը և կցված նաև արձանագրությունը՝ Վահագն Գրիգորյանի պատգամավորական լիազորությունները դադարեցված համարելու մասին: «Սա հիմք է ծառայում նույն ընտրատարածքից առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուին՝ Վարդան Նելսոնի Աթաբեկյանին տրամադրել պատգամավորական մանդատը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարեց Մուկուչյանը:
Արձանագրությունը ստորագրվեց ԿԸՀ վեց անդամների և նախագահ Մուկուչյանի կողմից: