Foto

ԱԱԾ տնօրենը դրական է գնահատել սահմանապահ զորքերի գործունեությունը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի վարչությունում հունվարի 29-ին տեղի է ունեցել Սահմանապահ զորքերի 2018թ. մարտածառայողական գործունեության ամփոփումը, որին մասնակցել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից:

Զորամասերի հրամանատարների և ստորաբաժանումների պետերի զեկույցներից հետո ելույթ է ունեցել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և իր խոսքում նշել, որ Սահմանապահ զորքերի ծառայությունը պետության անվտանգության համակարգում անչափ կարևոր բաղադրիչ է, իսկ սահմանապահների ծառայությունը՝ պատասխանատու և պատվավոր գործ։

ՀՀ ԱԱԾ տնօրենն անդրադարձել է նաև ՍԶ կադրային և տեխնիկական հագեցվածությանը, ծառայության պատշաճ կազմակերպմանը, աշխատակիցների կրթական մակարդակի բարձրացմանը և մի շարք այլ հարցերի։ Սահմանապահ զորքերի գործունեությունը ՀՀ ԱԱԾ տնօրենի կողմից գնահատվել է դրական։

Տարեկան արդյունքների ամփոփումից հետո ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչության շարահրապարակում կայացել է մի շարք զինծառայողների պարգևատրման արարողություն, որն ավարտվել է հանդիսավոր երթով։