Foto

Հայաստանի ներքին հարցերը պետք չէ քննարկել քաղաքական այլ սուբյեկտների հետ. քաղաքագետ

Գազի սակագնի վերաբերյալ հարցի քննարկումը պետք է օրակարգային լինի հանդիպման ժամանակ, սակայն, ըստ իս, հայ-ռուսական հարաբերությունների արդի վիճակը քաղաքական տեսանկյունից սակագնի փոփոխության նախադրյալներ չի ստեղծում։ Այդ մասին Vesti.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վաղը նախատեսված Փաշինյան-Պուտին հանդիպմանը, ասաց քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը:
«Սակագնի փոփոխության հարցը, եթե դառնա քննարկելի, ապա, կարծում եմ, ՀՀ սահմանից ներս պետք է լինի։ Այսինքն`սակագնի հարցը գազի`մեր տարածք մտնելուց հետո է խնդրահարույց։ Հետևապես` հանդիպման ընթացքում ավելի հավանական է գործող սակագնի պահպանման մասին պայմանավորվածությունը»,- ասաց Օրդուխանյանը։

Անդրադառնալով ներհայաստանյան քաղաքական իրավիճակին ու դրա մասով երկու երկրների ղեկավարների հնարավոր քննարկումներին, քաղաքագետն ասաց, որ Հայաստանի ներքին հարցերը, առավել ևս` իրավական և արդարադատական բնույթի, պետք չէ քննարկել քաղաքական համատեքստում միջազգային այլ սուբյեկտների հետ։

Մեր դիտարկմանը, թե Պուտինը, գուցեև, չշրջանցի նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցը, նա ասաց. «Քոչարյանի խնդիրը պետք է շարունակվի դիտարկվել իրավական հարթությունում։ Եվ մեզ համար պետք է կարևորվի ոչ թե արտաքին հայացքը, այլ մեր պետության արդարադատական համակարգը»։

Վրույր Սևակ  Vesti.am