Foto

Մի շարք մարզերում կտեղակայվեն ժամանակավոր հենակետեր՝ առաջին օգնություն ցուցաբերելու համար. Ֆելիքս Ցոլակյան

Դեկտեմբերի 24-ին ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

Ինչպես հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով դեսպանին՝ Ֆելիքս Ցոլակյանը կարևորել է դեսպանի հետ հանդիպման նման ձևաչափը և պատրաստակամություն հայտնել նպաստել արտակարգ իրավիճակների ոլորտում երկու երկրների պատասխանատու գերատեսչությունների միջև առկա համագործակցության սերտացմանը:

«Աղետներին դիմակայելու առումով մեր երկու երկրները շատ ընդհանրություններ ունեն, և կարծում եմ, որ մեր համագործակցությունն առավել սերտացնելու նախադրյալներ կան: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր պատրաստ է դիմակայել աղետներին: Երբ մի քանի օր առաջ՝ դեկտեմբերի 7-ին, նշվում էր Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի հիշատակի օրը, հարց հնչեց, թե ինչ կարողություններ ունի այսօր ԱԻՆ-ը, և ես ասացի, որ եթե 1988 թվականին Հայաստանն ունենար նույն կարողությունները, ինչ ունի այսօր, երկրաշարժի կորուստները շատ ավելի քիչ կարող էին լինել»:

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու գերատեսչությունների համագործակցության շրջանակը, որը մասնավորապես ներառում է համատեղ աշխատանք՝ արտակարգ պատահարներին ու աղետներին արձագանքման ոլորտում համատեղ ուսումնավարժանքի կազմակերպում Մեղրիում, փորձի փոխանակման նպատակով վերապատրաստման դասընթացների կազմակերպում Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում: Այս առումով ԱԻ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ դեկտեմբերի 17-ից 19-ը Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում իր ռուսաստանցի գործընկերոջ հետ պայմանավորվածություն է ձեռք բերել ընդլայնել Հայաստանում գործող Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության շրջանակը՝ այն դարձնելով տարածաշրջանային խոշոր ուսումնական կենտրոն:

ԱԻ նախարարի պաշտոնակատարն առաջարկել է վերապատրաստման դասընթացներ կազմակերպել նաև Սիրիայի և Իրանի մասնագետների՝ մասնավորապես սակրավորների, լեռնափրկարարների և ջրասուզակների համար:

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, իր հերթին շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, հաստատել է ԱԻ նախարարի պաշտոնակատարի կողմից նշված համագործակցության ուղղությունները: Իր խոսքում դեսպանը նշել է, որ ՀՀ ԱԻՆ-ի հետ համագործակցությունը ծավալվում է Իրանի Ներքին գործերի նախարարության և «Կարմիր մահիկի» ընկերության հետ համատեղ աշխատանքի միջոցով, և հույս հայտնել, որ նախանշված փոխգործակցությունը առավել կընդլայնվի մասնագետների վերապատրաստման, ինչպես նաև բուժօգնության և այլ ոլորտներում փորձի փոխանակման միջոցով:

Հանդիպման ընթացքում Իրանի դեսպանը նաև անդրադարձել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի անբարեկարգ վիճակին՝ նշելով, որ Իրանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկները, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտները հաճախ խնդիրների են հանդիպում այս ճանապարհին: Դեսպանն առաջարկել է ճանապարհի անբարեկարգ հատվածներում տեղակայել փրկարարական ջոկատների հենակետեր՝ անհրաժեշտության դեպքում փրկարարական գործողություններ իրականացնելու համար:

«Մեզ համար ընդունելի է Ձեր առաջարկը: Կմտածենք, և եթե հնարավոր լինի, ճանապարհի այն հատվածներում, որտեղ բնակչություն չկա, որպես մեկնարկ կփորձենք զբոսաշրջային սեզոնների համար ապահովել հենակետերով: Հանձնարարել եմ Սյունիքի մարզային վարչությունում աշխատանքի ընդունել պարսկերեն իմացող փրկարարների՝ առնվազն 3 հոգու, որպեսզի յուրաքանչյուր հերթապահության ժամանակ տեղում աշխատող մասնագետ ունենանք: Բացի այդ, առաջարկում եմ Մեղրիով Հայաստան ժամանողներին փոխանցել ԱԻՆ-ի 911 հեռախոսահամարը. հարկ եղած դեպքում մեր փրկարարները կհասնեն օգնության»:

ԱԻ նախարարի պաշտոնակատարը նաև հավելել է, որ իր հանձնարարականով մինչև դեկտեմբերի 27-ը Սյունիքի մարզի Գորայք համայնքի, ինչպես նաև Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 17-րդ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի 27-րդ և Արագածոտնի մարզի Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրերի վրա կստեղծվեն ժամանակավոր հենակետեր՝ ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցներին անվտանգ տարածք տեղափոխելու և հարկ եղած դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու համար:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել հետևողական աշխատանք տանել նախանշված ուղղություններով: Շնորհակալություն հայտնելով արդյունավետ հանդիպման համար՝ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին հրավիրել է Ֆելիքս Ցոլակյանին Իրանի Իսլամական Հանրապետություն: