Foto

Արցախը պատրաստակամ է վաղաժամկետ ազատ արձակել ադրբեջանցի դիվերսանտին. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ չեն վարել ու չեն վարում բանակցություններ՝ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին ազատ արձակելու կամ փոխանակելու շուրջ։ Այդ մասին Tert.am-ի հետ հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը:

Վերջինս նաև հավելել է, որ նրանց ազատ արձակելու կոչերն ակնհայտորեն խրախուսում են անպատժելիությունը և ամենաթողությունը, ինչպես դա եղել է մարդասպան Սաֆարովի պարագայում։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանը հերթական անգամ փորձում է շահարկել մարդասիրական բնույթի հարցերը՝ ի շահ  սեփական քաղաքական նպատակների։ Որպես մարդասիրական ժեստ` Արցախի իշխանությունները պատրաստակամ են օրենքի շրջանակներում դիտարկել Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին վաղաժամկետ ազատ արձակելու հնարավորությունը, ով Արցախի տարածքում չի իրականացրել ծանր կամ առանձնակի ծանր հանցագործություններ»,- Ներսիսյանի խոսքն է մեջբերում Tert.am-ը։

Հիշեցնենք, որ Էլնուր Հուսեյնզադենի նկատմամբ դեռևս նախորդ տարի քրգործ էր հարուցել՝ ըստ ԼՂՀ քրեական օրենսգրքի 33-317-րդ հոդվածի և 350-րդ հոդվածի 1-ին մասի՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը: