Foto

Տարեկան 250 հիվանդ կստանա գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի անվճար բուժում

2019թ. փետրվարի 1-ից կմեկնարկի «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների կազմակերպման» ծրագիրը, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն, անդրադառնալով թեմային, նշել է, որ ծրագիրը շատ կարևոր է ոչ վարակիչ հիվանդություններից մահացությունն ու հաշմանդամությունը նվազեցնելու առումով։

«Ծրագրի շրջանակներում գլխուղեղի խցանված անոթները կբացվեն, ու կաթվածը կկանխարգելվի։ Պացիենտը շատ դեպքերում կխուսափի երկարատև հաշմանդամությունից, կփրկվի նրա կյանքը»,- ասել է Արսեն Թորոսյանը:

«Գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթված» ախտորոշմամբ և գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից մինչև 24 ժամվա ընթացքում (ներառյալ տեղափոխման ժամանակահատվածը) կաթվածի համապարփակ կենտրոն ընդունված պացիենտները կընդգրկվեն այս ծրագրում:

Նշենք, որ այն իրականացվելու է «Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան» հիմնադրամում և «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Ակնկալվում է, որ մեկ տարվա ընթացքում կաթվածի համապարփակ կենտրոններում գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժում կստանա մոտ 250 պացիենտ: Ծրագրի իրականացմանը կուղղվի շուրջ 400 մլն դրամ, որի արդյունքում հնարավոր կլինի էականորեն նվազեցնել գլխուղեղի իշեմիկ կաթվածներից մահացությունը, ինչպես նաև շուրջ 39%-ով կնվազի հաշմանդամությունը:

Ծրագրի ձևավորման հարցում նշանակալի դեր են ունեցել գլխուղեղի կաթվածների բուժման արդյունավետության բարձրացմանն ուղղված ազգային ծրագրին աջակցող Սփյուռքի աշխատանքային խումբը` Միքայել Սքոն Մուրաթօղլու, Րաֆֆի Ավիտսյանի, Վիկեն Բաբիկյանի, Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ: