Foto

Կապիտան Հովսեփ Կիրակոսյանի սխրանքներին արձագանքում են Ջավախքի Ղադո գյուղից

Շարունակվում են Ջավախքից ստացվող օժանդակություններն ապրիլյան քառօրյա հերոսամարտում Արցախում ընկած քաջորդիների ընտանիքներին: Ապրիլի 21-ին Էջմիածնի շրջանի Ապագա գյուղ, Արցախի Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի դիրքերի պաշտպանության ժամանակ հերոսաբար զոհված Հովսեփ Կիրակոսյանիհայրական տուն այցելեցին Ջավախքի ծայր հյուսիսում գտնվող Ախալքալաքի շրջանի Ղադո գյուղի ներկայացուցիչները, որոնք Կիրակոսյանների ընտանիքին փոխանցեցին գյուղի հասարակության կողմից հավաքագրված 200.000 դրամը: Ղադոցիները խոնարհվեցին հերոս կապիտանի ծնողների առջև՝ հայտնելով, որ իրենց բարեկամությունը Կիրակոսյանների ընտանիքի հետ լինելու է շարունակական, իսկ Հովսեփ Կիրակոսյանի շիրիմը ղադոցիների համար վերածվելու է ուխտատեղիի: Այցին ներկա գտնվող Ապագայի գյուղապետարանի ներկայացուցիչները, նման կարևոր նախաձեռնության համար իրենց շնորհակալությունը հայտնելով ղադոցիներին,կարևորեցին երկու գյուղերի՝ Ղադոյի և Ապագայի միջև բարեկամության հաստատման և ջերմ կապերի ստեղծման անհրաժեշտությունը:

Հնուց փոխանցված մի պատգամ կա՝ հերոսի մահը չեն սգում: Արցախի ՊԲ-ի ինժեներա-սակրավորային վաշտի հրամանատար, 27–ամյա կապիտան Հովսեփ Կիրակոսյանի տանը, այդուամենայնիվ, դժվար էր առաջնորդվել այդ համոզմամբ: Ամեն ինչ նրան հիշեցնող պատկերներ. հայրենի գյուղ, տուն, այգի, ծնողների և կնոջ լուռ հայացքներ, հարազատների կարեկից ներկայություն, երկու զավակների կամ, ինչպես Ջավախքում կասեին, մանչերի՝ խոհուն աչքերով 4-ամյա Գեղամիկի և 2,5-ամյա միշտ ժպտերես Էրիկի բակային թռչկոտումներ, լուսանկարից մեզ դիտող Հովսեփ Կիրակոսյանի՝ սասունցի պապերին հիշեցնող խորաթափանց ու անվեհեր հայացք, հերոսի շքանշանները, զինվորական իրերը, անգամ՝ տան կահ-կարասին… Անհնար էր դիմանալ…

Եվ այս ամենի մեջ կինոժապավենի նման անցնում են անցած օրերի պատկերները. ահա Արցախի Մատաղիս գյուղը և Հովսեփի զինվորական կացարանը, ահա ապրիլի լույս 2-ի գիշերը, երբ դռան թակոցից Մարիամն արթնացնում է վաշտի հրամանատար ամուսնուն, ահա Հովսեփը դուրս է գնում և կարճ ժամանակ անց ներս մտնելով՝ պատվիրում է կնոջը, որ գյուղը կրակի տակ է, և Մարիամը պետք է երեխաներին արագ իջեցնի նկուղ, ահա շփոթված Մարիամի դեմքը, ահա նկուղը, ահա քնկոտ և վերմակի մեջ փաթաթված փոքրիկ Էրիկն ու նրա եղբայրը, ահա Մարիամի՝ ընդամենը 4 օրվա վարորդ ընկերուհին ու այն մեքենան, որով ամուսիններին դիրքերում թողած կանայք իրենց փոքրիկներով, կրակոցների տարափի տակ գյուղից փախչում են Մարտակերտ ու այնտեղից՝ Ստեփանակերտ, ահա ճանապարհին հանդիպած վիրավոր վարորդի մեքենան, որի մեջ գտնվող կանանց ու երեխաներին ևս Մարիամենք տեղավորում են իրենց մեքենան, ահա դիրքեր հասնող և իր 25 զինվորներին հրամաններ տվող Հովսեփը, ահա կրկին Հովսեփը, ով գնդակների տարափի տակ, զինվորներին թողնելով խրամատում՝ ինքը դուրս է գալիս, մարտի մեջ մտնում բաց դաշտում, ահա նրա ծանր վիրավորվելը, ահա խրամատից լսվող և զինվորներին քաջալերող նրա կոչը՝ «Տղերք, ես լավ եմ, դուք կռվե՛ք», ահա նրա վերջին հրամանը՝ չզբաղվել իրենով ու շարունակել մարտը, ահա արնահոսող մահացու վերքն ու մոտալուտ մահվան զգացողությունը, որի պահին Հովսեփը մտովի մի վերջին անգամ տեղափոխվեց հայրենի տուն, տեսավ իր մորը, բոլոր հարազատներին, սիրելի կնոջն ու պաշտելի զավակներին… Ահա Հովսեփի սառող ձեռքերը, ահա մի վերջին անգամ կնոջ հետ կապվելու և երեխաների ձայնը լսելու նրա վերջին փորձը… Ահա Մարիամը, որ անընդհատ փորձում է կապ հաստատել ամուսնու հետ և զարմանում, թե ինչու է Հովսեփի հեռախոսն անջատված, իսկ զինվորներն ի պատասխան Մարիամի հարցման՝ ասում են, թե հեռախոսը չեն կարող փոխանցել նրան: Եվ վերջապես, ահա հրամանատարին կորցրած զինվորները, ահա Արցախի լեռներն ու դաշտերը, որտեղ հավերժացան հերոս սասունցին ու նրա խոսքերը՝ «Տղերք, ես լավ եմ, դուք կռվե՛ք...»:

Վահե Սարգսյան