Foto

Կոչ եմ անում Բակո Սահակյանին չհանդիպել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ

Այսօր ԶԼՄ-ում տեղ գտած տեղեկատվության համաձայն՝ շուտով հնարավոր է՝ կայանա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը պաշտոնաթող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:

Դիմելով Բակո Սահակյանին՝ կոչ եմ անում չհանդիպել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, քանզի այդ հանդիպումը դրական հետևանքներ չի կարող ունենալ, հակառակը՝ ավելի կսրի իրավիճակը: Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք էլ չի թաքցրել, որ իր տեսակետները ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ չեն փոխվել: Ըստ Տեր-Պետրոսյանի՝ առանց ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարա­բե­րու­թյունների կարգավորման՝ Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման և ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգա­մանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը: Իսկ լուծման տակ նա հասկանում է միակողմանի զիջումներ առանց հայկական կողմի համար որևէ  էական տեղաշարժի: Ավելին՝ վերջերս նրա ակտիվացումը քաղաքական դաշտում պայմանավորված է ոչ թե նրա մտահոգությամբ Ղարաբաղի ապագայի վերաբերյալ, այլ ներհայաստանյան քաղաքական գործընթացներում իշխանությունների հետ համագործակցության եզրեր գտնելու միտումով: Հաշվի առնելով վերոնշյալը՝ կոչ եմ անում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին չհանդիպել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ո՛չ հրապարակայնորեն, ո՛չ էլ գաղտնի, այլ կենտրոնանալ Արցախի տնտեսության և ռազմական ներուժի զարգացման վրա: Բոլոր նրանք, ովքեր համամիտ են ինձ հետ նույնպես կարող են միանալ իմ այս կոչին:

Լեոնիդ Հայրապետյան

Ստեփանակերտ, 19 ապրիլի, 2016թ.

Լեոնիդ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից