Foto

2016 թ. հունվարին հանրապետության պարենամթերքի շուկայում գնաճ է արձանագրվել

Հանրապետությունում 2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 5% գնաճ: Պարենամթերքի շուկայում գնաճի վրա անմիջական ազդեցությունն են թողել ձվի՝ 8.3%, մրգի՝ 8.5%, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի 31.5% գնաճը: Այս մասին տեղեկանում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:

Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 8-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.1-31.5% գնաճ, իսկ 5-ում՝ 0.3-0.1% գնանկում:

2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է գլուխ սոխի` 1.6%, սնկի` 3.3%, կարտոֆիլի` 5.3%, ճակնդեղի` 6.0%, կաղամբի` 19.7%, վարունգի` 27.6%, գազարի` 28.4%, բողկի` 42.5%, սմբուկի` 48.2%, լոլիկի` 48.3%, կանաչ պղպեղի՝ 1.7 անգամ, խառը կանաչեղենի` 1.8 անգամ, կանաչ սոխի՝ 1.9 անգամ գնաճ: Սխտորի գինը նշված ժամանակահատվածում նվազել է 3.2%-ով:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գներն աճել են 29.2-44.2%-ով, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Կապանում: Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 30.6%-ով:

2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում մրգի գներն աճել են 6.7-17.0%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Իջևանում: Մայրաքաղաքում արձանագրվել է մրգի 6.7% գնաճ: 2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 22.9%: Վերոհիշյալ ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.99% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին՝ 2.0 տոկոսային կետով:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ ձվի գինն աճել է 0.5-12.4%-ով, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է  Գյումրիում: Մայրաքաղաքում ձվի գինն աճել է 8.3%-ով:

Երևանում մսամթերքի գները նվազել են 0.4%-ով: 2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ձկնամթերքի, հրուշակեղենի, ոչ ոգելից խմիչքի՝ 0.3%, հացամթերքի, ոգելից խմիչքի և ծխախոտի 0.1% գնանկում:

Vesti.am