Foto

Դիմում Վրաստանի խորհրդարանին, նախագահին և վարչապետին

Վրաստանում գործող հայկական հոգևոր և աշխարիկ հասարակական կազմակերպությունները դիմել են երկրի Խորհրդարանին, նախագահին և վարչապետին պահանջով, որպեսզի Վրաստանում սկսվի 1915-1923թթ. հայ ժողովրդի Ցեղասպանության փաստի ճանաչման պաշտոնական քննարկումը:

«1915-1923թթ. կատարված հանցագործության հետևանքով հայ ժողովուրդը կորցրեց ավելի քան 2 000 000 իր որդիներին ու դուստրերին, իսկ Հայաստանի մեծ մասը գրավվեց հայ ժողովրդի կոտորածն իրականացնող Թուրքական պետության կողմից: 1915-23թթ. Թուրքիայի կողմից կատարված հանցագործությունը գնահատվում է որպես Ցեղասպանություն` հանցագործություն մարդկության դեմ: Դեռևս 1915թ.ի մայիսին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը համատեղ հայտարարությամբ ներկայացան, որի տակ ստորագրած ուժերը Թուրքիայի հանցագործ գործողությունները բնութագրում են որպես «նոր հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնման` հատուցման հարցը քննարկվել է նաև 1919թ.ին Փարիզյան խաղաղ կոնֆերանսի ժամանակ, որի աշխատանքների շրջանակներում ստեղծվել է խաղաղ հայ բնակչության դեմ Թուրքիայի կողմից իրականացրած հանցագործությունը հետաքննող դատական ատյան: Դատական ատյանի աշխատանքների արդյունքում 1919թ.ին Թուրքիայի ղեկավարությունը մեղավոր է ճանաչվել և մահապատժի դատապարտվել: Արևմտյան Հայաստանի տարածքների ապաբռնագրավման հարցն արտացոլված է եղել 1920թ.ի Սևրի պայմանագրի դրույթներում` դառնալով Փարիզյան խաղաղ կոնֆերանսի արդյունքների մի մասը: 1915-23թթ. Հայոց Ցեղասպանության փաստը հիմք դարձավ  հրեական ծագումով լեհ փաստաբան Ռաֆայել Լեմկինի 1943թ մշակած  և 1948թ. ՄԱԿ-ի Գերագույն Ասամբլեայի ընդունած բանաձևի համար, ըստ որի ընդունվեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելու և պատժելու մասին Կոնվենցիան»: Հարկ է նշել, որ 1993թ.ին հոկտեմբերին 11-ին Վրաստանը վավերացրեց այս կոնվենցիան: Այսօր 1915-23թթ. Հայոց Ցեղասպանության փաստը ճանաչվել է, իսկ նրա կազմակերպիչ Թուրքիան դատապարտվել է ավելի քան 20 երկրների կողմից (Կանադա, Իտալիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Արգենտինա, Լիբանան, Նիդեռլանդներ, Ռուսաստան, Լեհաստան, Վատիկան և այլն): Հայ ժողովրդի հանդեպ Ցեղասպանության իրականացման փաստը ճանաչել է նաև ԱՄՆ-ի 50 նահանգներից 47-ը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների մի ամբողջ շարք, այդ թվում նաև Եվրոպական Խորհրդարանը, Եվրախորհուրդը, Եվրոպական Ժողովրդական Կուսակցությունը և այլն: Մենք ներքոստորագրյալ Վրաստանում գործող հայկական հասարակական կազմակերպություններս, հանուն արդարության և ժողովրդավարական արժեքների, կոչ ենք անում Ձեզ` միանալ համաշխարհային քաղաքակիրթ հանրությանը, հարգել Վրաստանի Հանրապետության քաղաքացիների կամքը և Վրաստանի Խորհրդարանում նախաձեռնել Օսմանյան Թուրքիայի տարածքում հայ ժողովրդի Ցեղասպանության փաստի ճանաչաման հարցի քննարկումը», -ասված է Վրաստանում գործող հայկական հասարակական կազմակերպությունների` խորհրդարանին, Վրաստանի նախագահին և վարչապետին ուղղված դիմումի մեջ: Հիշեցնեք, որ Վրաստանում գործող հայկական հասարակական կազմակերպությունները արդեն 11-րդ անգամ են դիմում երկրի իշխանությանը 1915-23թթ.ի Ցեղասպանության փաստի` Վրաստանի կողմից պաշտոնական ճանաչման խնդրանքով: Մինչդեռ, չնայած բազում դիմումներին, Վրաստանի իշխանությունն ամեն կերպ անտեսում է երկրի բնակչության ընդհանուր քանակի ավելի քան 6% կազմող իր քաղաքացիների կամքը: 1915-23թթ. Ցեղասպանության փաստի ճանաչման հարցի քննարկումները Վրաստանում սկսելու կոչով Խորհրդարանին ուղղված դիմումը ստորագրել են՝ Վիրահայոց Թեմը, Վրաստանի Հայ Համայնքը, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակութալուսացորռական Կենտրոնը, Սամցխե-Ջավախքի Հասարակական Կազմակերպությունների Խորհուրդը, Աջարիաի Հայերի Միությունը, Վիրահայերի Միությունը:

Վրաստանի հայ համայնքի մամլո դիվան