Foto

ՏԿՏՏ փոխնախարարն այցելել է «Զանգի»

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանն այցելել է հայկական «Զանգի» հավելվածի երևանյան գրասենյակ։ Հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Ընկերության հիմնադիր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը նախարարի տեղակալին ներկայացրել է գրասենյակի պայմանները, ապա նաև անդրադարձել ստեղծումից մինչև հաջողություն ընկած ճանապարհի պատմությունը։
«Viber»-ի ու «Skype»-ի մրցակից ընկերությունը Հայաստանում հիմնվել է դեռևս 10 տարի առաջ։ «Դասական ստարտափ ենք,- պատմում է Վահրամ Մարտիրոսյանը, -գաղափարն ունեի, բանկից փորձեցի վարկ վերցնել։ Անհրաժեշտ 3 միլիոնից միայն 2-ը տվեցին, մյուս միլիոնը ստիպված էի ընկերոջիցս պարտքով վերցնել»։
Սկզբում զբաղվել են զուտ ծրագրավորմամբ` «outsourcing»-ով, հաջողել, 2013-ին արդեն սկսել են աշխատել իրենց արտադրանքի` հայկական առաջին մեսինջերի վրա, և «Be interactive»-ը վերանվանվել է «Զանգի»։ Հայաստանյան գրասենյակն այսօր ունի 40 աշխատակից։
2016-ին որոշել են մանրածախ շուկայից անցնել բիզնես հաճախորդներին «Զանգի» տեխնոլոգիան վաճառելուն։ Վահրամ Մարտիրոսյանն ասում է, որ այստեղ ևս հաջողություն են ունեցել և հավատացած են, որ նույն տեմպերով շարունակելով 2020-ին կհասնեն 1մլրդ կապիտալիզացիայի։
Ի թիվս հավելվածի այլ առավելությունների, ընկերության հիմնադիրը նշում է նաև հուսալիությունը։ Ամեն օր աշխատում են հուսալիության մակարդակն էլ ավելի բարձրացնելու վրա։
Հակոբ Արշակյանի խոսքով` ամենամեծ վստահության չափանիշներից այն կլինի, որ կառավարական օղակներում, անհրաժեշտության դեպքում, հենց «Զանգին» օգտագործեն որպես հաղորդակցության միջոց, ինչի ուղղությամբ խոստացավ անպայման քննարկումներ ունենալ։
Մյուս գործառույթը, որ ունի պետությունը նմանօրինակ բիզնեսին աջակցելու առումով, ըստ նախարարի տեղակալի, արտասահմանյան հանդիպումների ժամանակ նրանց մասին պատմելն ու ներկայացնելն է։ Նա վստահություն հայտնեց, որ կառավարությունը ամեն ինչ անելու է, որ ոլորտի ձեռներեց մարդկանց համար ավելի բարենպաստ միջավայր ստեղծվի գաղափարները կյանքի կոչելու, ապա նաև այդ գաղափարները հաջող բիզնեսի և նոր աշխատատեղերի վերածելու համար։