Foto

Վստահ եմ, որ առաջիկայում ՕԵԿ-ի շուրջ կձևավորվի ծանրակշիռ բևեռ. Արթուր Բաղդասարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռուբերտ Քոչարյանն օրերս հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին: Այդ առիթով Vesti.am-ը զրուցել է «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ:

Պարոն Բաղդասարյան,  ՀՀ երկրորդ նախագահը անթաքույց հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին: Դուք դա կապու՞մ եք մասնավորապես իր նկատմամբ քրեական հետապնդման հետ:

Յուրաքանչյուր ոք ինքն է որոշում` զբաղվել քաղաքականությամբ, թե ոչ: Եկեք չմոռանանք, որ Ռ.Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու մասին խոսակցությունները շատ վաղուց են «թևածում օդում»` գրեթե իր կողմից նախագահի պաշտոնը թողնելու օրվանից սկսած: Կարծում եմ քրեական հետապնդումը լրացուցիչ ազդակ հանդիսացավ այդ որոշումը կայացնելու հարցում: Սակայն այստեղ պակաս կարևոր չէ հանրային ընկալումը այդպիսի որոշում կայացնելիս` ինչպե՞ս կընդունի ժողովուրդը այդ որոշումը, հատկապես համաժողովրդական այս զարթոնքի ֆոնին:

Համաձա՞յն եք Ռոբերտ Քոչարյանի այն տեսակետին, թե ՀՀ կառավարությունը չի կարող պատշաճ արձագանքել արտաքին մարտահրավերներին: Արդյո՞ք դա շփման գծում որոշակի ակտիվացման քողարկված ակնարկ չէ և ո՞րն է այստեղ ՌԴ դերը:

Մենք ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որտեղ լարվածությունը հարևանների հետ տասնամյակներիների պատմություն ունի, իսկ եթե դրան գումարում ենք գերտերությունների հարաբերություններում աճող լարվածությունը` պատկերն ավելի ամբողջական է դառնում: Ունենք Ղարաբաղի չկարգավորված հիմնախնդիրը, ինչը ևս հանգեցնում է սահմանին լարվածության ուժեղացմանը: Կարծում եմ սա պետք է հասկանան բոլորը և պետք է արվի հնարավորինը` նման լարվածություն թույլ չտալու համար: Ի վերջո` առաջին հերթին պետք է սիրել երկիրը, հայրենիքը, այլ ոչ իշխանությունը և ցանկացած մոտեցում, անկախ քաղաքական հայացքներից, պետք է ստորադասվի երկրի անվտանգությանը: Այս առումով շատ կարևոր է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների խորացումը, ՀԱՊԿ-ի դերակատարումը, մանավանդ որ միջպետական պայմանագրի համաձայն, ըստ որում թե երկկողմ ձևաչափով և թե բազմակողմ ձևաչափերում, Ռուսաստանի Դաշնությունը երաշխավորում է նաև ՀՀ անվտանգության ապահովումը, ինչը չափազանց կարևոր իրողություն է:

Առկա ներքաղաքական իրավիճակում ընդդիմադիր բևեռի համախմբման ի՞նչ նախադրյալներ կան՝ ըստ Ձեզ:

Առջևում Երևանի ավագանու ընտրություններն են և դրանք, իրենց բնույթով լինելով քաղաքական, կարող են տալ ուժերի իրական պատկերը, թեկուզ Երևանի մասշտաբով, և այստեղ էլ կուրվագծվի քաղաքական դաշտում իրական խաղացողների տեղն ու դիրքը, և որ ամենակարևորն է, ուզում եմ վստահ լինել, որ այս անգամ ընտրություններն անցնելու են առանց կեղծիքների, ընտրակաշառքի ու վարչական ճնշումների և մենք կունենանք ժողովրդի կամքով ընտրված ավագանի: Ինչ վերաբերվում է ընդդիմադիր բևեռի համախմբմանը, ապա ամեն ինչ կպարզվի առաջիկա ընտրություններից հետո: Վստահ եմ , որ առաջիկայում ՕԵԿ-ի շուրջ կձևավորվի ծանրակշիռ բևեռ, որվհետև մենք փորձառու քաղաքական թիմ ենք, ունենք թողած հետագիծ, հրաշալի պատկերացնում ենք մեր երկրի և ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն ու հնարավորությունները, ունենք հրաշալի միջազգային կապեր, ամուր կառույցներ երկրի ներսում և ի վերջո, որ ամենակարևորն է, երկրի ռազմավարական զարգացման հստակ տեսլական: Ի վերջո չմոռանանք, որ ՕԵԿ-ի թիկունքում հեղինակած 250 օրենքներ կան, որոնց շնորհիվ հիմք է դրվել ավանդների վերադարձին, անվճար կրթությանը բոլոր պետական և համայնքային ենթակայության մանկապարտեզներում, ուսումնարաններում և քոլեջներում, արգելվել է կրթության, գիտության և մշակութային շենքերի սեփականաշնորհումը, անվճար է դարձել ծննդօգնությունը, ծնված երեխաները պետությունից ֆինանսական աջակցություն են ստանում և բազում այլ լուսավոր գործեր:

Երկրորդ նախագահն ունի՞ ընդդիմադիր քաղաքական դաշտը համախմբելու պոտենցիալ, ովքե՞ր են հնարավոր մասնակիցները:

Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ երկրորդ նախագահին հիմնականում աջակցեցին ՀՀԿ, ՀՅԴ և մասամբ ԲՀԿ-ն: Կարծում եմ, որ առաջիկա ընտրություններից հետո, կախված ուժերի դասավորվածությունից, կարելի կլինի խոսել ընդդիմադիր դաշտի ձևավորման, ուստի և այդ դաշտը համախմբելու հեռանկարի, այս կամ այն ուժի կամ անհատի ուղղությամբ համախմբվելու մասին:

«Օրինաց երկիր» կուսակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության  եզրեր է տեսնու՞մ է:

Ոչ, որովհետև ինչպես գիտեք ժամանակին ես հրաժարական տվեցի երկրի երկրորդ` ԱԺ նախագահի պաշտոնից հենց Ռ. Քոչարյանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Ի դեպ` Սերժ Սարգսյանի հետ տարաձայնությունների պատճառով ես հրաժարվեցի նաև երկրի չորրորդ` ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: ԱԺ նախագահի պաշտոնը թողնելուց հետո Ռ. Քոչարյանի հետ որևէ շփում կամ առավել ևս քննարկում չեմ ունեցել, ուստի այսօր խոսել համագործակցության մասին` կարծում եմ իրատեսական չէ:

Ի՞նչ դերակատարում է ակնկալում ՕԵԿ-ը առաջիկայում

Ես արդեն հայտարարել եմ չափազանց կարևոր մի իրողության մասին: Խոսքը քաղաքական մենիշխանության մասին է, որը Հայաստանում արմատավորվել էր վերջին 20 տարում և այյն պետք է վերացվի: Քաղաքական մենաշնորհը անխուսափելիորեն բերում է տնտեսական և այլ կարգի մենաշնորհների, ինչը բացասական է երկրի և ժողովրդի համար: Ելնելով հենց այս տեսլականից մենք հայտարարել ենք ՕԵԿ-ի քաղաքական լուրջ հավակնությունների մասին: Մենք չենք կարող աջակցել Ռ.Քոչարյանին հասկանալի պատճառներով, չենք կարող աջակցելով հեղափոխությանը` նույնականացվել նաև իշխանության հետ: Մենք ունենք մեր օրակարգը, մեր տեսլականը, երկրի կառուցման մեր ճանապարհը, որ առաջարկելու ենք մեր ժողովրդին և վստահություն ունենք հավակնելու մեր ժողովրդի ծանրակշիռ վստահության քվեին:

Vesti.am