Foto

«Եթե ռեսուրսներ չունենք, ապա «քանդել-հավաքելու» քաղաքականությունը ռիսկային է»

Երեկ Հայ ազգային կուսակցությունը հայտարարություն էր հրապարակել, ըստ որի՝ Հայաստանի կառավարությանն առաջարկում էր նախաձեռնել անցումային արդարադատության գործընթաց: Թեմայի առնչությամբ Vesti.am-ը զրուցել է «Ի ԷԼ ԷԼ գործընկերություն» իրավաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն, ի.գ.թ․ Տարոն Վարդանի Սիմոնյանի հետ:

- ՀԱԿ-ն առաջարկում է ստեղծել Արդարության վերականգնման միջգերատեսչական հանձնաժողով, արդյո՞ք Հայաստանի համար դա այժմ կարևոր ու խիստ անհրաժեշտ նախաձեռնություն է:

Մի հետաքրքիր խոսք կա․ «Եթե ուզում ես խնդիրը չլուծվի, ապա ստեղծիր հանձնաժողով, որը անընդհատ կքննարկի խնդրի լուծումները»։ Ավելին, եթե պետք է խնդիրը լուծենք նույն ռեսուրսներով, որոնց ներկայությամբ առաջացել են այդ խնդիրները (անկախ նրանից՝ նախկինում ընդդիմադիր, թե իշխանական ուժ է եղել), չեմ կարծում, որ դրական արդյունքի կհանգենք, քանի որ կրկին խնդրին չենք կարող նայել արկղից դուրս գտնվող աչքով։

Ձեր հարցը միանշանակ պատասխան չունի։ Այդ հանձնաժողովը կարող է և՛ օգտակար լինել, և՛ դառնալ հերթական անարդյունավետ կառույցը՝ կախված դրա հստակ նպատակից և դրա անդամների ազնվությունից։

Անցումային հասարակություններում և պետություններում միշտ առաջանում է անցումային արդարադատության անհրաժեշտություն կամ առնվազն դրա պահանջ։ Շատ պետություններ ընտրել են այս տարբերակը և հաջողությամբ կամ ոչ այդքան հասել են արդյունքի։

Եթե մենք ցանկանում ենք ստեղծել արդարության վերականգնման հանձնաժողով, ապա նախ գոնե քաղաքական մակարդակում պետք է ինքներս մեզ համար որոշակիացնենք՝ այս փուլում ի՞նչ է մեզ համար արդարությունը կամ ի՞նչ արդարության ենք ուզում հասնել։

Հասկանում եք՝ անցումային հասարակության համար արդարությունը շատ դեպքերում կարող է ընկալվել որպես նախորդ կարգի հետ կապված ամեն ինչ ոչնչացնելու պահանջ։ Եթե այդպես է, ապա այդ արդարությունը որևէ առնչություն չունի իրավական պետությունում գործող արդարադատության հետ։

Իսկ եթե մենք հռչակում ենք, որ ամեն ինչ անելու ենք, որ վերականգնենք իրավական պետության բոլոր հատկանիշները հանրապետությունում, ապա չենք կարող շեղվել արդարադատության ոչ մի պահանջից։ Այս պարագայում էլ չենք կարողանում հագեցնել արդարության հասարակության ծարավն ու ակնկալիքները։

Անցումային հասարակություններին հատուկ է արժեքների վերարժեքավորման գործընթացը։ Եվ նախկին իրավունքն ու արդարադատությունը ոչ բոլոր դեպքերում են ընդունելի նոր արժեհամակարգի պրիզմայով դիտարկելիս։

Այս բախումը թուլացնելու ու արդարության վերականգնման նվազագույն ուղենիշներ տալու համար, իհարկե, այդ հանձնաժողովը կամ մեկ այլ ոչ նոր, գործող կառույց կարող է ինչ-որ առումով դեր ունենալ, եթե սերված լինի այն լեգիտիմության բազայից, որն այսօր ունի, օրինակ, վարչապետը։ Այլ կերպ ասած՝ անձի ձեռքում կուտակված լեգիտիմությունը պետք է բաշխել ինստիտուտների վրա, այլապես պետական համակարգը կշարունակի անձով պայմանավորված լինել և հետևաբար՝ չկայացած։

Սակայն սա արդեն քաղաքական որոշման խնդիր է, ինչը ես չեմ մեկնաբանում:

- Հայաստանի դատական ու իրավական համակարգը «քանդելու» ու «նորից հավաքելու» գործընթացն արդյո՞ք ռիսկային չէ՝ եղածն էլ ավելի խարլխլեու մասով:

Ինչ-որ բան քանդելու և նորից հավաքելու համար պետք է պատրաստ լինել ու ունենալ երկու անգամ ավելի շատ հնարավորություն, քան դա կարող էին անել նախորդ պետաիրավական կառուցվածքները, որոնք ուզում ես քանդել։

Իհարկե, գայթակղիչ է թվում նորը կառուցելու համար սկսել զրոյական մաքուր կետից, սակայն արդյոք դրա համար կան բավականաչափ ռեսուրսներ։ Ես նկատի ունեմ թե՛ մարդկային, թե՛ ֆինանսական, թե՛ սոցիալ-համակարգային։

Հարցեր կան, որ պետք է դատողական մակարդակում պատասխան ստանան, նոր հուզական երանգով ներկայացվեն քաղաքական մակարդակում։

Արդյո՞ք ունենք գործող դատավորներին ու իրավապահ ոլորտում այլ հանրային պաշտոնատար անձանց փոխարինելու ցանկություն ունեցող լավ իրավաբաններ, ովքեր պատրաստ են նվիրվել արդարադատության ու իրավապահ այլ կառույցներին՝ ստանալով այն վճարները, որ ստանում են գործող դատավորներն ու իրավապահ համակարգի այլ աշխատակիցները։

Նման հարցեր կարող ենք շատ տալ։

Եթե մենք դատողական մակարդակում հասկանում ենք, որ չունենք նման ռեսուրսներ, որպեսզի կարողանանք մի ամբողջ իրավապահ համակարգ մաքրենք հին կադրերից և նշանակենք նորերին, ապա, իհարկե, ռիսկային է «քանդել-հավաքելու» քաղաքականությունը։

Այս պարագայում պետք է կատարելագործել այն բոլոր պետական կառույցները, որոնք ի վիճակի են հայտնաբերել իրավախախտումները արդարադատության իրականացման բնագավառում և այդկերպ մաքրել իրավապահ համակարգը՝ նախկին բացասական «ավանդույթներից»։

Վրույր Սևակ

Vesti.am