Foto

Բոլորն էլ քառօրյա պատերազմի բովով անցած տղաներ են (ֆոտոշարք)

Նոր բառ, խոսք, արտահայտություն, հայտնություն չեմ անելու։ Հոսպիտալում եմ, էրեխեքի մոտ, գրքեր և թերթեր եմ տարել։ Մեկ էլ տեսար կարդալու հավես ունեցան։ Ժամանակակից արձակագիր Նառա Վարդանյանի «Արգելված պտուղը». սիրուն պատկերներ, մտածելու առիթ տվող արտահայտություններ։ Էրեխեքը սիրով ընդունում են գրքերը, և որոշում եմ երկու բառ էլ զրուցել հետները։ Էս հիվանդասենյակները մեր հիշողության ու օրերի մեջ պիտի լինեն ու մնան իրար կյանքեր փրկած, իրար մահեր խլած, միմյանց սեփական մարմնով, մարմնի հատվածով ծածկած ու փրկած, հետո էդ մարմնի մասերը հող ու ականին բաժին դարձած տղաների ոգու խորհրդանիշ։ Հիվանդասենյակ մտնելուց առաջ գոտեպնդվում ու շոյող-փափուկ բառեր եմ ընտրում։ N5 հիվանդասենյակի ջերմությունը, ներսում տարածված յասամանի բուրմունքը, ԴԱՎԻԹԻ թեք ու լուսավոր ժպիտը, ՆԱՐԵԿԻ խոր ու վաստակած քունը, ԱՐԱՄԻ աշխույժ ու պայծառ աչքերը, ԷՐԻԿԻ՝ տանտիրոջ իրավունքով հյուրընկալության կանոններով առաջնորդվելը... Հիվանդասենյակ N9. պինդ ու զուսպ ԱՐԱՄԸ, լրջախոհ ու քննախույզ ԱՐԳԻՇՏԸ, ժպտերես ու պայծառ ՇԱնԹԸ, աշխույժ ու վառվռուն ՀՐԱՅՐԸ, խելացի ու խորաթափանց ՄՈՒՇԵՂԸ։ Դաս չիմացողի պես կմկմում եմ ու «տանուլ տալիս» անգիր արածս։ Տղե՛րք ջան, էսօր բառապաշարս ավելի խեղճ ու անճարակ չի եղել, քան երբևէ։ Բոլորն էլ քառօրյա պատերազմի բովով անցած տղաներ են։ Առանց շոշափելու դիրք, պատերազմ, կրակոց բառերը, փորձում եմ հասկանալ հոգեվիճակները, (տափակ է հնչում, չէ՞) մատս դնել երակին, որ գոնե մի երկու բառ խոսեն. ոչինչ չի ստացվում, լուռ են։ Իրենք իրենցն արել են, իրենց համար կյանքում ու դրսևորումներում խոսք չկա, կա կամք, գործ, ոգի, հավատ, կա էն, ինչ որ պետք է արժանապատիվ տղային, պատանուն։ Տղերք ջա՛ն, ձեր ցա՛վը տանեմ, տղե՛րք ջան, մեր դժգույն, միօրինակ, տխուր օրերին լույս, հույս, ոգի, հավատալու ու մեջքներս շտկելու ուժ տվող տղերք ջա՛ն։

ՄԱՄԱՆԵՐԸ։ Ամեն մի կնոջ, յուրաքանչյուր մոր լավագույն գնահատականը, ի վերջո, կարող է լինել նրա դաստիարակած զավակի բնութագիրը։ Ընկերոջս՝ Արտակ Մովսիսյանի խոսքերն են, որոնք կարդում ենք նրա հեղինակած «10 հայ ականավոր թագուհիներ» գրքում։ Մերօրյա թագուհիների կողքին եմ՝ ՔՆԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ԱՆԱՀԻՏ ԲԱՂՈՒՄՅԱՆԸ։ Կանայք, որոնք տանջանքով, ինքնազոհողությունների գնով, ցավով, բազմաթիվ դժվարություններով պահել, մեծացնել, կրթել են մերօրյա հերոսներին։ Համեստ, լուռ, զուսպ, թախծոտ մեր թագուհիները։ Հողի, քարի, շատ հաճախ անիրավությունների ու անարդարությունների դեմ կռիվ տված մեր Քնարիկ, Արմենուհի ու Անահիտ թագուհիները։ Թագուհի մամաները, որոնք չեն թաքցնում, որ ամեն հերթափոխի, երբ էրեխեքը դիրքապահ են եղել, երազի ու մղձավանջի մեջ են անցկացրել այդ օրերը։ Էսօր փառք են տալիս Բարձրյալին, որ «առնում ենք էրեխեքի շունչը»։ Մեր թագուհի մամաները, որոնք իրենց տղաների նման հեռու են ճռան-ճռճռան բառերից, ճամարտակություններից ու պահի ազդեցությամբ կրկնվող արտահայտություններից։ Մեր թագուհի մամաներն ու թագավոր տղաները։

Հ.Գ. Էսօր բնութագրել, պանծացնել, բարեբանել, բարեհունչ ու տաք, հպարտության բառեր, արտահայտություններ գտնելն ամենահեշտն է։ Հուսանք, որ այս և բոլոր վիրավոր տղաների ներկայիս բուժման ընթացքն ու հետագա վերականգնողական աշխատանքները կանցնեն պատասխանատու ատյանների և այրերի խիստ վերահսկողությամբ ու հետևողականությամբ։ Կարծում եմ, երբևէ առիթ չենք ունենա կոպեկ-կոպեկ դրամահավաքությամբ, Հյուսիսային պողոտաներում երգի-պարի փառատոններ կազմակերպելով, «Շտապ տարածել. զինվորին օգնություն է պետք» վերտառությամբ հայտարարություններ անել, էսօրվա հարվածն իրենց վրա առած տղաներին օգնելու համար։ Գոնե էս անգամ արժանապատվությունն ու պատասխանատվությունը, խիղճն ու ամոթը, առաջ կկանգնեն միայն սեփական մորթը պաշտպանելու բնազդից, թալանից, ագահությունից, ընչաքաղցությունից, չտեսությունից։

Հասմիկ Հովհաննիսյանի ՖԲ էջից