Foto

«Մետ»-ամետ քաղաքականության մշակույթը պետք է արմատախիլ արվի Հայաստանից

«ՀՀ արտաքին քաղաքականության մեջ ռեվերսներ պետք է չլինեն»,-ԱԺ-ում հայտարարեց   վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝  Հայաստանը շարունակելու է մնալ ԵԱՏՄ  և ՀԱՊԿ անդամ:

«Մեր խնդիրն է լինելու առավել մեծացնել մեր անդամության արդյունավետությունը: Մայիսի 13-ին ԵԱՏՄ գագաթաժողովում համոզվեցի, որ այդ խնդիրը հետապնդում են այդ կառույցի նաև մյուս երկրները:

Մեզ համար կարևոր է ՌԴ-ի հետ  ամենատարբեր բնագավառներում ռազմավարական հարաբերությունները զարգացնելը: Հայաստան-ՌԴ հարաբերությունները պետք է հիմնված լինեն իրավահավասարության պատրաստակամության վրա: Կառավարությունը ՌԴ-ի հետ ռազմական համագործակցությունը դիտարկում է որպես երկրի անվտանգության կարևոր բաղկացուցիչ»,-նկատեց Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ լրջորեն աշխատելու են զարկ տալ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների գործակցությանը:

«ԵՄ-ի հետ համագործակցելու ենք Հայաստան-ԵՄ համաձայնագրի կիրարկման  և ԵՄ մուտքի ազատականացման ուղղությամբ:  Իրանի  և  Վրաստանի հետ ևս պետք է այնպիսի հարաբերություններ զարգացնել, որը հատուկ է իրար հետ սերտ համագործակցող հարևաններին և,  որոնք զերծ կլինեն քաղաքական կողմնակի ազդեցություններից:

Մեր քաղաքականությունը չի եղել և չի լինելու ամերիկամետ, եվրոպամետ, ռուսամետ, հակաամերիկյան, հակաեվրոպական, հակառուսական: Մեր առանցքային նպատակը երկրի ինքնիշխանության և անվտանգության ապահովումն է, մեր երկրի շահերի սպասարկումը: «Մետ»-ամետ քաղաքականության մշակույթը պետք է արմատախիլ արվի Հայաստանից»,-ասաց նա:

Vesti.am