Foto

Ամենածանրը փոքրիկ աղջկա վիճակն էր, ով գիշերները արթնանում ու հայրիկին է կանչում (ֆոտոշարք)

Նոր վերադարձա Արեգունի գյուղից, որտեղ ընկերոջս հետ գնացել էին այցելելու և մեր չափով աջակցելու Թալիշում անօդաչու թռչող սարքի արձակած արկից զոհված Հարություն Աբրահամյանի ընտանիքին, ով ունի երեք անչափահաս երեխա՝ 7, 6 և 4 տարեկան: Երևի ավելորդ է ասել, որ տպավորությունները ծանր էին, բայց գրեմ հերթով: Գնացինք Ճամբարակի կողմից ու ետ եկանք Վարդենիսի ճանապարհով: Գնալուց թվում էր, թե հենց նոր այս ճանապարհին թշնամական ռմբակոծություն է եղել, քանի որ տպավորություն էր, որ խրամատների միջով ենք գնում: Ճանապարհին խոսեցինք հովիվների հետ, որոնք ասում էին, որ միայն այդ ճանապարհի պատճառով շատերը չեն կարողանում ապրել այդ տարածքներում: Մեկ գրեյդեր այդ հողի ճանապարհը կարող է այնպես հարթեցնել, որ գոնե անցանելի լինի, բայց դա ուրիշ թեմա է: Հարությունի մայրը երկրորդ կարգի հաշմանդամ է, հայրը, որդու նման, եղել է դիպուկահար և լուրջ կռիվների մասնակցել հատկապես Օմարի լեռնանցքում: Ամենածանրը փոքրիկ աղջկա վիճակն էր, ով գիշերները արթնանում ու հայրիկին է կանչում: Երբ նրան ասում են, որ «պապադ Հիսուսի մոտ է», նա ասում է, «չէ, սուտ եք ասում, իմ պապային թուրքը սպանել է» ու բոլորին խնդրում, որ իրենց գրկեն ու համբուրեն իր հայրիկի նման: Տղան ուզում է հետևել հոր ճանապարհին ու դառնալ «լեյտենանտ-գեներալ-գնդապետ»: Կինը լուռ տանում է վիշտը ու երբ մեզ ասեց, որ բոլորին ասեք շատ շնորհակալություն, ես ասեցի, որ իմ ընկերները, բոլոր բարի մարդիկ ու ես ենք շնորհակալ ձեզանից ու ոչ թե դուք պետք է շնորհակալ լինեք: Ընդհանուր առմամբ մեկ օրվա մեջ հավաքվեց 475 հազար դրամ, 500 դոլար և 100 եվրո, ինչպես նաև մեծ քանակի շորեր, խաղալիքներ, սնունդ: Երեխաները միանգամից սկսեցին խաղալ այդ խաղալիքներով ու հագան նոր շորերը: Հայրը նշեց, որ գոհ է պետության վերաբերմունքից ու դժբախտ դեպքի հետ կապված բոլոր ծախսերը հոգացել է ՊՆ-ն: Մայրը ասեց, որ ինքը հպարտ է, որ իր տղան զոհվել է հայրենիքի պաշտպանության համար: Մեկ այլ տպավորություն ևս: Կողքի գյուղերից անծանոթ մարդիկ գալիս էին անընդհատ իրենց ցավակցությունները հայտնելու ու դա մեծ մխիթարանք է այս ընտանիքի համար, իսկ գյուղացիները այցելում են անընդհատ: Այս նախաձեռնության մեկ կարևոր արդյունք եղավ այն, որ մի ընկերություն ամեն ամիս 50 հազարի չափով խոստացավ օգնել այս ընտանիքին: Այս նամակին կից ուղարկում եմ նաև հաշվեհամարը, որով կարող եք գումար հանգանակել այս ընտանիքին: Ասեմ նաև, որ այս գործին մասնակից լինել ցանկացողների քանակը բավականին մեծ էր և կարժ ժամանակի պատճառով բոլորը չկարողացավ իրենց լուման ներդնել, բայց ես մտածում եմ, որ կարելի է առնվազմ ևս մի քանի նման նախաձեռնություն անել: Եվ վերջում, հատուկ շնորհակալություն ՀԵՏՔ-ին՝ այս ամենի մասին տեղեկացնելու և մեր նախաձեռնությունը սկզբնավորելու համար:

Հովհաննես Հովհաննիսյանի ՖԲ էջից