Foto

Լեռնային Ղարաբաղ՝ ազատության և խիզախության խորհրդանիշ

Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում «Ռուսաստանի հայերի միության» և «Համաշխարհային հայկական կոնգրեսի» նախագահ՝ Արա Աբրահամյանի արդիական հարցազրույցը՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կիրառած ռազմական ագրեսիայի վերաբերյալ

-Պարո՛ն Աբրահամյան, Ձեր հայտարարությունում` Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի զինված ուժերի հերթական ագրեսիայի վերաբերյալ, ներկայացված է դրդող գործոնների օբյեկտիվ գնահատականը: Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն պետք է լինի միջազգային համակարգի օբյեկտիվ պատասխանը Բաքվի իշխանությունների և զինված ուժերի տվյալ հանցագործության վերաբերյալ:

-Ադրբեջանական կողմի ստոր սադրանքն ու ագրեսիան, իսկապես,  անպատասխանատու քաղաքականության, անզուսպ սպառազինության մրցավազքի և պետական ահաբեկչության նոր ձևի հետևանք է դարձել: Միջազգային ուժերի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի  հովանու ներքո բանակցային սեղանի շուրջ ղարաբաղյան ճգնաժամից դուրս գալու փոխզիջումային մոտեցումներ փնտրելու, բարիդրացիական հարաբերությունները և մեր ժողովուրդների միջև համագործակցությունը վերականգնելու քաղաքականություն իրականացնելու փոխարեն, Ադրբեջանի առաջնորդն ընտրել է պատերազմի և հանցագործությունների ճանապարհը՝ ընդդեմ խաղաղ բնակչության և ռազմագերիների: Նման ճանապարհով նա երբեք չի հասնի փոխզիջման և չի կարողանա լուծել ղարաբաղյան խնդիրը:

Ցավոք, նրա ցուցաբերած ագրեսիայի ընթաքում Ադրբեջանն օգտագործել է տարբեր տեսակի զինամթերքներ՝ ներառյալ հեռահար զենք, հարվածային անօդաչու թռչող սարքեր, «Солнцепек» հրցիր համակարգեր, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, և հենց դրանցով վնաս հասցրել կենդանի ուժին ու բնակավայրերին: Ավաղ, Ադրբեջանին համապատասխան զինամթերքի աննպատակահարմար վաճառքի վերաբերյալ հայկական կողմի զգուշացումը մեր ռազմավարական գործընկերների կողմից այդպես էլ չընկալվեց և շատ հարցերում ապահովեցին Բաքվի իշխանությունների և զինվորականների ռեվանշի տրամադրվածությունը:

Սակայն, նույնիսկ հաշվի չառնելով այս փաստը՝ ադրբեջանական բանակը և իր ապաշնորհ հրամանատարությունը, այդպես էլ չեն կարողացել  հաջողություն գրանցել դավադիր հարձակման ոչ մի ուղղությամբ, և ծավալել են դիրքային մարտեր  ԼՂՀ ՊԲ-ի ենթակառուցվածքների հետ՝ կորուստներ հասցնելով կենդանի ուժին և ռազմական տեխնիկային:

Ենթադրում եմ, որ միջազգային հայտարարությունները և կրակը դադարեցնելու, հակամարտող կողմերի միջև խաղաղություն հաստատելու կոչերը, այսպես թե այնպես, իրենց դերն են ունեցել ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների կասեցման հարցում: Այդուհանդերձ, տվյալ պատերազմը միայն համաձայնագրերով չի դադարեցվի, առավել ևս խնդիրը չի լուծվի:

Ե՛վ Ադրբեջանում, և՛ Հայաստանում, և՛ Լեռնայի Ղարաբաղում ուշադրությամբ հետևելու են տվյալ հակամարտության հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և բոլոր անդամների բանակցությունների ընթացքին: Փաստերը վկայում են, որ 1994թ. կնքված  հրադադարի ռեժիմը կոպտորեն խախտած Ադրբեջանի կողմի ձեռնարկած ագրեսիան հերթական անգամ ի ցույց դրեց հանդուրժողական և այլ ժողովուրդների հետաքրքրությունները հարգող քաղաքականություն վարելու Բաքվի ռեժիմի անկարողությունը:

Համապատասխանաբար, 1991թ. ղարաբաղյան հանրաքվեի արդյունքները պետք է ճանաչվեն միջազգային հանրության կողմից՝ որպես օրինական և միջազգային իրավունքի սկզբունքներ և նորմեր։

Մինչև որ ագրեսորի նկատմամբ չկիրառվեն քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական և իրավական բնույթի համապատասխան պատժամիջոցներ, աշխարհն ականատես կլինի նմանատիպ նորանոր սադրանքների՝ մինչև ադրբեջանական պետության հիմքերի ոչնչացումը: Մենք ենթադրում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այսինքն տվյալ հակամարտության կարգավորման անմիջական միջնորդները, պարտավոր են արտահայտել իրենց օբյեկտիվ դիրքորոշումը, ընդգրկել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին բանակցությունների գործընթացում, և վերջապես, ճանաչել ԼՂՀ-ի ինքնավարությունը, նրա անկախությունը Ադրբեջանից՝ անվտանգության միջազգային մանդատի ապահովմամբ:

Տվյալ դեպքում Հայաստանը և ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ոչ միայն պետք է հետևեն և մատնանշեն Ղարաբաղի հայերի համապատասխան իրավունքներն ու հետաքրքրությունները, այլ նաև անցնեն ԼՂՀ-ի ճանաչման գործընթացին, եթե Ադրբեջանը հրաժարվի մյուս բոլոր փոխզիջումային մոտեցումներից և կրկին գործի դնի խնդրի լուծման ռազմական մեթոդը:

-Հայտնի է, որ Թուրքիան և Թուրքիայի ղեկավարությունը երբեք չեն թաքցրել իրենց հստակ արդբեջանամետ դիրքորոշումը ղարաբաղյան հարցի վերաբերյալ: Այս օրերին Անկարան հայտնել է իր բացահայտ աջակցությունն ադրբեջանական ռազմական ագրեսիայի վերաբերյալ: Ի՞նչ կարող եք ասել Հայաստանի ֆորմալ դաշնակիցների դիրքորոշումների մասին:

-Այո՛, Թուրքիան, իսկապես, միշտ էլ ցուցաբերել է և շարունակում է հետևողականություն ցուցաբերել ղարաբաղյան հարցի շուրջ և հանդես է գալիս  Ադրբեջանի հստակ աջակցությամբ, ընդհուպ մինչև ուժի կիրառման միջոցով խնդրի լուծումը: Բացի այդ, Թուրքիան ոչ միայն աջակցում է Ադրբեջանի համապատասխան մոտեցմանը, այլ նաև 1920-ականների ընթացքում եղել է Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության ստեղծման և Ղարաբաղի անեքսիայի գլխավոր «ճարտարապետը», ցուցաբերել է քաղաքական ճնշում Խորհրդային Ռուսաստանի կառավարության վրա՝ Խորհրդային Ադրբեջանին՝ այդ բնիկ հայկական շրջանի և Նախիջևանի փոխանցման հարցում: ԽՍՀՄ-ը փլուզվել է, իսկ Թուրքիան մնացել, Ռուսաստանն էլ գտնվում է իր աշխարհաքաղաքական դոկտրինը սահմանելու և տարածաշրջանային պատասխանատվությունը վերականգնելու գործընթացի մեջ:

Դրա հետ մեկտեղ, Թուրքիան և Պակիստանը ոչ միայն հայտնել են Ադրբեջանին աջակցելու իրենց որոշման մասին, այլ նաև հստակորեն պատրաստ են և ցուցաբերում են համապատասխան օգնություն (առաջին հերթին ռազմական): Տվյալ կապը բացատրվում է ոչ միայն էթնո-կրոնական համայնքով, այլ նաև քաղաքական հաշվարկներով:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա վերջինս չունի այնպիսի ռազմավարական գործընկերներ, ինչպիսին Թուրքիան է: Ռուսաստանը մեր ամենակարևոր ռազմավարական գործընկերն է, որի կարծիքը առանցքայիններից մեկն է համարվում միջազգային օրակարգի հարցերում: Ես հասկանում եմ, որ շատերը կարող են ասել, թե ինչո՞ւ Մոսկվան չի արձագանքել ադրբեջանական ագրեսիային 2008թ. օգոստոսին տեղի ունեցած վրացական ագրեսիայի համանմանությամբ, ինչո՞ւմն է տարբերությունը Ղրիմի և Ղարաբաղի միջև, ինչո՞ւ է Հայաստանն աջակցել Ռուսաստանին ղրիմյան դեպքերի հարցում, իսկ Ռուսաստանը դեռևս հեռավորություն է պահպանում ղարաբաղյան հակամարտության դեպքում և այլն: Սակայն, նախևառաջ, պետք է նշեմ, որ Ռուսաստանն ի վիճակի է պատասխանել նմանատիպ բոլոր հարցերին: Իմ կարծիքով, մեծ պետությունների և մեծ  քաղաքականությունների դեպքում դժվար է կողմնորոշվելը, առավել ևս, եթե մինչև վերջ սահմանված չեն սեփական շահերն ու հնարավորությունները: Ռուսաստանը ղարաբաղյան և նմանատիպ այլ խնդիրների խաղաղ ճանապարհով  լուծման կողմնակից է: Սակայն, երբ կողմերից մեկը բացառում է խաղաղ ճանապարհը, ապա, իմ կարծիքով, Ռուսաստանը, ամենաքիչը, պարտավոր է դադարեցնել ռազմական մատակարարումները 1994թ. Մոսկվայի գլխավոր միջնորդությամբ ստորագրված հրադադարի ռեժիմը խախտող կողմին, և գլխավորը, ճանաչի ԼՂՀ-ի անկախությունը: Դա կլինի Ռուսաստանի գլխավոր դիրքորոշումը:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա ինչպես ձեզ հայտնի է, տվյալ կազմակերության գլխավոր քարտուղար Ն.Բորդյուժան տվել է Ղարաբաղում իրավիճակի քաղաքական գնահատականը և նշել, որ Ադրբեջանի նմանօրինակ գործողությունները խաթարում են խնդրի լուծման խաղաղ ճանապարհը, իսկ մեկ ուրիշ այլընտրանք այս դեպքում գոյություն չունի: Փորձագետների մի խումբ սկսել են ակտիվորեն քննարկել  ՀԱՊԿ-ի մասնակցության հնարավորությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը: Սակայն ՀԱՊԿ-ը միջազգային ռազմաքաղաքական կազմակերպություն է, որն ունի իր կանոնադրությունն ու կանոնակարգը: Լեռնային Ղարաբաղը դե յուրե չի համարվում ՀԱՊԿ-ի անդամ, Հայաստանն էլ դեռևս չի ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը: Ադրբեջանն էլ, ինչպես հայտնի է, հայտարարել է, որ չի պատրաստվում հարձակվել Հայաստանի վրա, չնայած որ Տավուշի մարզում հայկական սահմանին որոշակի սադրանքներ պարբերաբար գրանցվում են: Այլ կերպ ասած, որպեսզի ՀԱՊԿ-ը մասնակցի ռազմական հակամարտությանը, կազմակերպության անդամը պետք է համապատասխանի ֆորմալ պահանջներին և դիմի հստակ օգնության:

Գաղտնիք չէ, որ տվյալ կազմակերպության շատ անդամների դիրքորոշումը (ներառյալ Ղազախստանը, Ղրղզստանը և Բելառուսը) ղարաբաղյան հարցի վերաբերյալ չի ենթադրում և ոչ մի ռազմական միջամտություն: Այդ դեպքում ո՞րն է  տվյալ ենթակառուցվածքում Հայաստանի մասնակցության իմաստը:  Ակնհայտ է, այստեղ կան սահմանված քաղաքական և ռազմատեխնիկական նախապատվություններ և միությունը Ռուսաստանի հետ: ՀԱՊԿ-ը, վերջիվերջո, Ռուսաստանի ածանցյալն է ու առանց նրա գոյություն չունի և ոչ մի կազմակերպություն:

Իր վերջին ելույթներից մեկի ընթացքում ՀՀ նախագահ՝ Սերժ Սարգսյանն արդարացիորեն ասել է՝ մենք պետք է ընդունենք, որ Մարտակերտի արևելյան և Գյումրիի արևմտյան հատվածները մեզ համար անանցանելի ճահիճներ են, մեզ մնում է ապավինել ինքներս մեզ: Եթե խնդիր է ծագել սպառազինության որևէ շուկայի հետ, ապա աշխարհը մեծ է և այդ սպառազինության արդյունավետ և ճշգրիտ մեծաքանակ գնումներ պետք է փնտրել ինչպես սեփական արտադրություններում, այնպես էլ այլ շուկաներում:  Ո՛չ քաղաքականության, ո՛չ էլ գործարարության մեջ վակուում գոյություն չունի:

Հայաստանը հարգանքով է վերաբերում Ռուսաստանին և մնացած այլ երկրներին, որոնք իրենց մեր հայրենիքի գործընկերն են համարում: Այդ գործընկերային  հարաբերությունները զարգանալու են սեփական ազգային հետաքրքրությունների խիստ պահպանման ու ճգնաժամային իրավիճակների եզրակացությունների հիման վրա:

-Ըստ Ձեզ՝ մոտ ժամանակներս ինչպե՞ս կարող է զարգանալ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ արդյոք կպահպանվի՞ հրադադարը, կլինի՞ զինադադար, թե աշխարհը ականատես կդառնա նոր լայնածավալ պատերազմի:

-Ես գուշակ չեմ և ինչպես բոլոր նորմալ մարդիկ հույս ունեմ, որ 2016թ. ապրիլի 5-ի՝ ժամը 12:00-ից հետո հրադադարի պայմանները սահուն կերպով զինադադարի կվերածվեն, հակամարտող կողմերի բանակները կվերադառնան զինանոցներ, իսկ քաղաքական գործիչներն ու դիվանագետները  կսկսեն ինտենսիվ բանակցություններ իրավիճակի կարգավորման, և, վերջապես, տվյալ բազմամյա խնդրի որոշման ուղղությամբ՝ հուրախություն և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի: Ես մեծ հույսեր ունեմ զինադադարի և խաղաղության հետ կապված, ինչպես ասվում է ՝«Երերուն խաղաղությունը  պատերազմից լավ է»։ Եվ այս ամենը կախված է Ադրբեջանի դիրքորոշումից:

Եթե Բաքուն պահանջում է տարածքների վերադարձ            զբաղեցրած բուֆերային գոտիներից, ապա նա չի կարող չհասկանալ, որ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման, մենք կրկին կգլորվենք ռազմական առճակատման: Եթե Բաքուն հույսի ունի ստանալ տվյալ տարածքները, ապա պետք է նշել, որ Ղարաբաղն առանց Քարվաճառի և Լաչինի չի կարող պահպանել իր անվտանգությունը: Եթե Բաքուն խնդրում է իրենց զիջել Ջաբրայիլն ու Ֆիզուլին, ապա արդար կլինի, որպեսզի Ադրբեջանն էլ Ղարաբաղին վերադարձնի Շահումյանն ու Գետաշենը: Միայն տարածքային մոտեցումների սահմանմամբ կարող է ամբողջությամբ լուծվել 2 կողմերի փախստականների հարցը:

Սակայն, ԵԱՀԿ Մինսկի խմբին ագրեսիան սանձել չհաջողվելու, և շփման գծի երկայնքը մշտադիտարկման կենտրոնում պահելուց Ադրբեջանի հրաժարվելու դեպքում, ցավոք, տեղական դիրքային հակամարտությունը Ղարաբաղում կարող է վերածվել  նոր լայնածավալ պատերազմի և աղետի՝ 2 պետությունների և ժողովուրդների միջև:

Հայերն իրենց դարավոր պատմության ընթացքում տեսել են տարբեր պատերազմներ, կորուստներ և հաղթանակներ, կուտակել բավականին մեծ ռազմական փորձ և ձեռք բերել անգին մարտական ոգի: Եվ մենք չենք վախենում հերթական պատերազմից, սակայն չենք էլ խոստանում, որ հաջորդ բանակցությունները Ադրբեջանի համար հեշտ են լինելու: Որտեղ, որ կկանգնի հայ զինվորը, այնտեղ էլ կլինեն Հայաստանի նոր սահմանները:

-Պարո՛ն Աբրահամյան, ի՞նչ կարող եք ասել  հայկական սփյուռքի արձագանքի մասին՝ Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ:

-Աշխարհի հայության արձագանքը միանգամայն օրինաչափ էր, և Հայաստանին ու Արցախին չի կարող միայնակ թողնել հակառակորդի հետ: Աշխարհի բոլոր երկրներում, որտեղ ապրում են մեր ազգի ներկայացուցիչները, անցակցվում են լուրջ աշխատանքներ մեր ներուժի միավորման և պատմական Հայրենիքին անհրաժեշտ տեղեկատվական, քաղաքական, ֆինանսական, նյութական և այլ օգնություն ցուցաբերելու հարցում:

ԱՄՆ-ի և Եվրոպայի մի շարք երկրներում Ադրբեջանի դեսպանատան շենքի մոտ կազմակերպվել են զանգվածային հանրահավաքներ և բողոքի ցույցեր, հրապարակվում են Արցախում կատարվածի մասին արդար պատկերացումներով բազմաթիվ հոդվածներ, նյութական և ֆինանսական օժանդակություն է ցուցաբերվում բժշկական հաստատություններին և պաշտպանության նախարարությանը՝ վիրավորների բուժման և նրանց հետագա վերականգնման նպատակով: Առանձնակի ակտիվություն է ցուցաբերում երիտասարդությունը, կարելի է ասել՝ մարտի է նետվում: Ուրախ եմ նշել, որ մարտերը Ղարաբաղում չեն վախեցրել հայերին, այլ հակառակը՝ միավորել են մեզ, մարդիկ վերադառնում են Հայաստան, դիմում են իրենց ռազմաճակատ ուղարկելու խնդրանքով, պատրաստակամություն են հայտնում ազատամարտիկների շարքերը համալրելու հարցում: Այս համերաշխությունը օբյեկտիվ է, բայց նման բնույթի բոլոր հարցերը մենք քննարկում ենք պետական գերատեսչությունների հետ:

Ցավոք, և ոչ մի պատերազմ առանց զոհերի  և ավերածությունների չի ընթանում: Արցախյան ազատագրական պատերազմի այս 4 արյունալի օրերը, ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական տվյալներով, ապրիլի 5-ի դրությամբ 29 մարդու կյանք են խլել, վիրավորվել են 101-ը, իսկ 28 հոգի անհետ կորած է: Մենք խոնարհվում ենք մեր մարտիկների և խաղաղ բնակիչների հիշատակի առջև, ովքեր իրենց սեփական կյանքի գնով կրկին պաշտպանել են Արցախի ազատությունը: Հավերժ հիշատակ նրանց:

Բայց մենք պարտավոր ենք մտածել նաև մեր վիրավորների մասին: Իմ կողմից որոշում է կայացվել բացել համապատասխան հիմնադրամ՝ վիրավորների բուժմանը, հետագա վերականգնմանը և զոհված զինվորների ընտանիքներին օժանդակելու նպատակով: Տվյալ հիմնադրամի միջոցների բաշխումը իրականացվելու է ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարությունների հետ համաձայնեցված: Կարիք չկա նշելու, թե ինչ առաջնահերթ ներդրումներով, գումարներով է կանոնավոր կերպով  ավելանում հաշիվը մեր և այն բոլոր մարդկանց մասնակցությամբ, ովքեր անտարբեր չեն մարդկային ողբերգությանը:

Որպես եզրակացություն, կուզենայի ընդգծել, որ այս դժվար օրերին, հանուն մեր Հայաստանի և Արցախի միասնության, մենք պետք է հետևում թողնենք բոլոր տեսակի վիրավորանքներն ու հակասությունները, ղեկավարվենք միայն  ազգային միավորման և ընդհանուր պայքարի նկատառումներով, համախմբվենք նախագահ Սերժ Սարգսյանի շուրջը: Ղարաբաղը մեր ազատության և խիզախության խորհրդանիշն է:

Աղբյուրը՝ «САР Инфо»