Foto

«Հարյուրավոր ջավախահայ երիտասարդներ պատրաստ են Արցախ մեկնելու»

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով Ադրբեջանը նախահարձակ ռազմական գործողություններ է իրականացրել տանկերի, հրետանու և օդուժի ինտենսիվ կիրառությամբ, որը ոչ այլ ինչ է, քան թուրք ազգայնամոլական շարժման հերթական դրսևորում, այժմ արդեն՝ ինքնիշխան Արցախի սահմաններին:

Էրդողան-Ալիև երկյակը չի դադարում հայության նկատմամբ հանցագործություններ գործելուց, նրանց ջանքերը՝ հայությանը դուրս մղելու սեփական Հայրենիքից և մեր տարածաշրջանից ընդհանրապես, կրում են շարունակական բնույթ՝ փոփոխելով տարածաշրջանները կամ մեթոդները՝ տնտեսականից մինչև ռազմական՝ սակայն պահպանելով էությունը:

Պետք է պատժվի ցանկացած ոտնձգություն Արցախի և ՀՀ սահմանների հանդեպ: Այս սանձազերծած ագրեսիայի հետևանքները պետք է դաս լինեն ոչ միայն այս՝ ալիևյան սերնդի, այլև ադրբեջանի գալիք սերունդների համար:

Ջավախքահայությունը դատապարտում է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողությունները և իր զորակցությունն է հայտնում արցախահայությանը՝ սեփական հայրենիքում անվտանգ և ինքնիշխան ապրելու և արարելու նրանց իրավունքին:

Այսօր Ջավախքում գործող կառույցները և հանրությունը համախմբված և միասնական են ավելի քան երբեք: Հարյուրավոր ջավախահայ երիտասարդներ պատրաստ են Արցախ մեկնելու առաջին իսկ անհրաժեշտության դեպքում:

Ջավախքահայությունը, ինչպես համայն հայությունը, իր ողջ հնարավորություններով ու կարողություններով, այսօր էլ արցախահայության կողքին է և պատրաստ է իր մասնակցությունը բերել հայկական զույգ պետությունների անվտանգության և սահմանների անձեռնմխելիության սուրբ գործին:

Վահագն Չախալյան

04.04.16 թ.