Foto

Լևոն Յոլյան. «Ես խեղճացող չեմ»

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը տեղեկացրել է, որ Իրանին սահմանամերձ երկու համայնքներում՝ Ագարակում և Մեղրիում, գազի բաշխման ցանց է կառուցվում: Ծրագիրն իրականացվում է դրամաշնորհի միջոցով, որը կարգավորվում է 2011-ին Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև ստորագրված հուշագրով:

Սակայն, նախարարը չգիտի, թե տարեկան քանի խմ գազ կներկրվի Իրանից այդ երկու համայնքների սպառման համար.

-Թող ծրագիրն իրականանա, սպառումը ցույց կտա, թե որքան գազ է անհրաժեշտ երկու համայնքների համար,-ասել է նա:

Իրանական գազի գնի վերաբերյալ հարցին նույնպես նախարարը պատասխան չուներ.

-Տեսնում եք՝ ամեն ինչ դինամիկ պրոցեսի մեջ է և՛ ռուսական կողմի հետ, և՛ Իրանի հետ, դուք ինձնից կանխատեսումներ եք ուզում:

Դիտարկմանը, ոչ թե կանխատեսման մասին է հարցը, այլ նախահաշվարկների, Յոլյանն ասել է.

-Նորից եմ բացատրում, որ երկու համայնքների համար գազի բաշխիչ ցանց է կառուցվում, որ գազը բնակչին հասնի:

Հարցին, թե արդյոք նախահաշվարկ չի՞ արվել, որքա՞ն է կազմելու գազի սակագինը, նախարարը ևս պատասխան չուներ.

-Նույն հարցը չորրորդ անգամ  եք տալիս:

Հարցին, թե հնարավոր է՝ թանկ սակագին է սահմանվում, ինչի հետ բնակիչը համամիտ չէ, նախարարը հարցրեց.

-Մինչև հիմա առանց գազի ինքը ի՞նչ է անում: Եթե թանկ լինի, բնակիչը կարող է որոշում կայացնել՝ սպառե՞լ այդ գազը, թե՞ ոչ:

Դիտարկմանը, թե Հայաստանը խեղճանում է, և միջազգային շուկայում գազի և նավթի սակագների նվազեցմանը զուգահեռ՝ պահանջներ չի ներկայացնում ռուսական կողմին, Յոլյանը չի համաձայնել.

-Ինչո՞վ է խեղճանում Հայաստանը: Հայաստանը բանակացային կողմ է այդ դաշտում, ինչո՞ւ է խեղճանում, ես խեղճացող չեմ, նույնիսկ ձեր առաջ:

Անդրադառնալով «Նաիրիտի» աշխատակիցների հետ հանդիպմանը, նախարարն ասել է, որ տեղի է ունեցել «Նաիրիտի» կոլեկտիվի կողմից լիազորված անձանց հետ հանդիպում, որի ընթացքում ինքը «Նաիրիտի» աշխատակիցներին խնդրել է տեղեկացնել այն կազմակերպությունների մասին, որոնց կարող են դիմել «Նաիրիտի» հարցով.

-Հանդիպել եմ նաև նախկին տնօրենի հետ, ասել եմ` Դուք երկար տարիներ է` զբաղվում եք այս խնդրով, ինքներդ էլ մեզ օգնեք, նշեք այն կազմակերպությունների անունները, որոնց կարող ենք օգնել: Իրենց իրավունք է տրվել անձամբ կապի մեջ մտնել պոտենցիալ ներդրողի հետ: Բավարարված կլինեմ այն դեպքում, երբ խնդիրները լուծվեն իմ ցանկությամբ և իմ կանխատեսմամբ,-ասել է Լևոն Յոլյանը:

Vesti.am