Foto

ՖԱՖ-ը չի բոյկոտի Հայաստան-Բելառուս հանդիպումը

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Առաջին հայկական ճակատ» (ՖԱՖ) ֆան շարժման ներկայացուցիչները հայտնել են, որ Հայաստան-Բելառուս խաղին ընդառաջ առաջին իսկ օրվանից տոմսեր ձեռքբերելու հարցում խոչընդոտներ են ստեղծվել երկրպագուների համար:

Սակայն դա ֆուտբոլասերների համար խոչընդոտ չի կարող լինել հայկական ֆուտբոլի լեգենդի հրաժեշտի խաղին մասնակցելու համար: Տեղեկացնենք, որ մարտի 25-ին կայանալու է Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ այն լինելու է Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղը:

-Տասնյակ հարյուրավոր երկրպագուներ կոչ են անում մեզ բոյկոտել հանդիպումը, սակայն մենք միշտ առաջնորդվել ենք այն սկզբունքով, որ ամեն գնով մեր հավաքականի կողքին լինենք: Եթե մենք հարց ունենք Ֆեդերացիայի հետ, դրանից հավաքականը չպետք է տուժի: Կոչ ենք անում ներկա գտնվել խաղին: Փոխելու ենք տրիբունան. մենք զբաղեցնելու ենք հյուսիսային տրիբունայի երկրորդ սեկցիան,- ասել է ֆան շարժման ներկայացուցիչ Սերգեյ Ջանջոյանը:

Ասուլիսի ընթացքում ՖԱՖ-ի ներկայացուցիչները նաև նշել են` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարական տալու պահանջը մնում է ուժի մեջ: Հիշեցնենք՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ եթե Հայաստանի հավաքականը չհաղթահարարի 2018 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի արգելքը, ապա հրաժարական կտա:

Vesti.am