Foto

ԵԱՀԿ նախագահող երկրիրն ու Մինսկի խումբը կոչ են անում պահպանել հրադադարի ռեժիմը

ԵԱՀԿ նախագահությունում Գերմանիայի կառավարության հատուկ ներկայացուցիչ Գերնոթ Էրլերը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը և Պիեռ Անդրիոն մարտի 21-ին հանդես են եկել հայտարարությամբ, որով «վերահաստատել են իրենց հաստատուն հանձնառությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային կարգավորման հարցում»:

Համանախագահների հայտարարությունում ասվում է, որ խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու համար խիստ անհրաժեշտ է, որ կողմերը ձեռնարկեն բոլոր միջոցները բռնություններից խուսափելու համար:

«Մասնավորապես, այնպիսի բռնություններից, որոնք ազդում են շփման գծում և Հայաստան-Ադրբեջան սահմանին ապրող խաղաղ բնակչության վրա: Այս համատեքստում մենք աջակցում ենք ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի կոչին, ով հորդորել էր կողմերին Նովրուզ Բայրամի և Սուրբ Զատիկի տոներին խստորեն պահպանել հրադադարը: Մենք կոչ ենք անում կողմերին ստեղծել պայմաններ, որպեսզի տարածաշրջանի ժողովուրդները կարողանան նշել այդ տոները խաղաղ պայմաններում»,- ասված է հայտարարությունում:

Հայտարարությունում նշվում է նաև, որ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ-ն նախագահող Գերմանիան կշարունակեն աշխատել կողմերի հետ՝ կարգավորման տարրերի բռնությունները նվազեցնելու քայլերի և մարդկային շփումները խրախուսող ծրագրերի շուրջ:

Vesti.am