Foto

Ինչու հայաստանյան ԶԼՄ-ները լռում են, իսկ ադրբեջանականները` զառանցում

Զարմանալի է, բայց փաստ. ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի ակտիվորեն են լուսաբանում ՌԴ Պետդումայում տեղի ունեցող զարգացումները` Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու օրինագիծը, քան դա անում են հայկական ԶԼՄ-ները: Իհարկե, ազերիները չեն գովում ռուսաստանցի պատգամավորներին այդ օրինագծի համար, ու, առավելևս, չեն գովաբանում Ռուսաստանի հայերի միությանն ու վերջինիս նախագահ Արա Աբրահամյանին, բայց փաստը մնում է փաստ. մեր թշնամիների ԶԼՄ-ներն ավելի ակտիվորեն են լուսաբանում մի իրադարձություն, որն անմիջականորեն կապված է մեզ հետ: Միաժամանակ, այս փաստը գուցե և այդքան զարմանալի չի թվում, երբ մենք վերլուծում ենք հայաստանյան լրատվական դաշտը ու փաստում, որ այդ ասպարեզում եզակի են այն ԶԼՄ-ները, որոնք չեն կառավարվում իշխանությունների կողմից: Հետևաբար, կարելի է ենթադրել, որ հենց իշխանությունների հրահանգով այդ թեմային անդրադարձներ գրեթե չեն կատարվում: Եվ ահա սա արդեն զարմանալի չէ, քանզի իշխանությունները հասկանում են, որ վերոհիշյալ օրինագիծը չէր լինի ոչ միայն, եթե չլիներ ռուս-թուրքական ճգնաժամը, այլ նաև առանց Ռուսաստանի հայերի միության ջանքերի օրինագիծը երբեք չէր առաջ բերվի: Եթե ԶԼՄ-ները շատ գրեն նշված իրադարձությունների մասին, ապա իրենք, ըստ իրենց իսկ արատավոր տրամաբանության, ոչ թե կխոսեն պետական նշանակություն ունեցող հարցի մասին, այլ կգովեն Արա Աբրահամյանին ակտիվ ու արդյունավետ աշխատանք կատարելու համար: Իսկ ահա դա հայտնի շրջանակները ուղղակի չեն կարող թույլ տալ, քանզի, ըստ իրենց, դա կբարձրացնի Աբրահամյանի վարկանիշը: Դատողությունները Հայաստանում տիրող գաղջ մթոնոլորտի ու դրա հիմնադիրների մասին թողնում եմ ձեր դատին:

Սամվել Ստեփանյանի ՖԲ էջից