Foto

«ՏՄՊՊՀ–ի պատասխանից մի կես կիլո պայուսակիս մեջ կա»

Գնումներ կատարելիս  երևի շատերիս է պատել «խաբված լինելու» զգացումը: Այսօր, փետրվարի 8-ին հրավիրված ասուլիսին «Սպառողների ասոցիացիա» հ/կ նախագահ Արմեն Պողոսյանը և հոգեբան Աննա Բադալյանը ներկայացրել են, թե որքանո՞վ են Հայաստանում վերահսկելի խանութների զեղչերը և ի՞նչ ազդեցություն ունեն դրանք սպառողի հոգեբանության վրա:

–Մեր երկրում չկա պետական մարմին, որը կարող է վերահսկել այս ամենը: Եթե գնանք ՏՄՊՊՀ, կտան այն պատասխանը, որից մի կես կիլո պայուսակիս մեջ կա: Կարելի է դիմել Էկոնոմիկայի նախարարություն, Շուկայի վերահսկողության և սպառողների պաշտպանության կոմիտե, ի դեպ, այդ կոմիտեն, որը պետք է զբաղվի նմանատիպ խնդիրներով, սպառողների իրավունքների պաշտպանությամբ, չորս ամիս է՝ արդեն լուծարվել է: Բազմաթիվ հասարակական կազմակերպություններ կան, որոնք բոլորն էլ նույն հարցերով են զբաղվում, բայց արդյունք չկա,- ասել է Պողոսյանը:

Սպառողների շահերի պաշտպանը իր խոսքում նաև նշել է, որ շոփինգը վատ երևույթ չէ, բայց, ցավոք, Հայաստանում կան միայն 12 տոկոս մարդիկ, ովքեր իրենց կարող են թույլ տալ գնումներ կատարել թանկարժեք խանութներից:

Խնդրի հոգեբանական մասով Աննա Բադալյանը տարբերակել է տղամարդկանց և կանանց բնորոշ հատկանիշները.

–Կա հակասթրեսային մեխանիզմ, որը կարող ես ինքդ մշակել: Տղամարդուն կարող են մթերային գնումները սթրեսից հանել, որովհետև ինքը տուն է եկել և ապահովել է սոցիալական խնդիր: Կանանց մոտ զարգացած է ավելի շատ հագուստ, տնտեսական ապրանքներ գնելու ցանկությունը: Երբ տեսնում ես բազմազանություն, գներ, կարող ես ընկնել ընկղճախտի մեջ, սա կարող է վերածվել մոլեռանդության,- նկատել է հոգեբանը:

Վերջում, բանախոսները կոչ են արել սպառողներին առավել զգոն լինել և չընկնել իրենց համար նախապատրաստված ծուղակների մեջ:

Vesti.am