Foto

Նաիրա Զոհրաբյան. «Վստահ ենք, որ պարոն Օսկանյանի մոտիվացիաներն ազնիվ են»

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նոր կուսակցություն ստեղծելու՝ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությանը: Զոհրաբյանը նախ ընդգծել է, որ նոր Սահմանադրությունն այնպիսի իրավիճակի է հանգեցրել, որ քաղաքական գործընթացներին մասնակից լինելու համար պետք է  հանդես գալ քաղաքական ուժով:

-Այսօր տեղեկացրել եմ մեր խմբակցությանը, որ պարոն Օսկանյանը մեկ շաբաթ առաջ ինձ հետ զրույցում ասել է, որ քաղաքական ուժ է ստեղծում: Մենք ողջունում ենք այդ նախաձեռնությունը: Վստահ ենք, որ պարոն Օսկանյանի մոտիվացիաները ազնիվ են և այդ քաղաքական ուժի օրակարգը հանուն Հայաստանի ապագայի է,-հավելել է Զոհրաբյանը:

Վերջինը նաև ոչ մի խնդիր չի տեսնում, որ ԲՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորներ կանդամակցեն Օսկանյանի կուսակցությանը, քանի որ, Ն.Զոհրաբյանի խոսքով, օրինակ Վահե Հովհաննիսյանը և Ստեփան Մարգարյանը ԲՀԿ անդամ չեն եղել: Իսկ ինչ վերաբերում է Էլինար Վարդանյանին, ԲՀԿ խմբակցության ղեկավարը չի բացառել, որ նա  Վ.Օսկանյանի ստեղծելիք կուսակցությունում կլինի:

-Այստեղ որևէ հատուկ ինտրիգ փնտրել պետք չէ: Նկատելի էր, որ մեր երեք գործընկերները խմբակցության աշխատանքներում իրենց ներկայությունը պասիվացրել էին,-նշել է Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ ցանկացած քաղաքական ուժի ԲՀԿ-ն դիտում է որպես առողջ մրցակից.

-Ապագայում հնարավոր համագործակցության մասին էլ այս պահին վաղ է խոսելը:

Vesti.am