Foto

Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ նոր կուսակցություն է ստեղծում

ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը «Ազատություն» ռադիոկայանի կիրակնօրյա թողարկման ժամանակ հայտարարել է, որ նոր կուսակցություն է ստեղծում։

–Կուսակցություն ստեղծելու հետ կապված աշխատանքները բավական առաջ են գնացել,–ասել է Վ.Օսկանյանը՝ հավելելով, որ նոր կուսակցության թիմում լինելու են ինչպես խորհրդարանում, այնպես էլ խորհրդարանից դուրս գտնվող և երիտասարդական շրջանակների ներկայացուցիչներ։

–Կարծում եմ, որ լավ կորիզ կլինի։ Կան առողջ, ազատ մտածող, ազնիվ, հայրենասեր մարդիկ, որոնք կուսակցական չեն, և, կարծում եմ, որ հենց այդ մարդիկ էլ կուսակցության կորիզը կկազմեն,–նշել է Վ.Օսկանյանը։

Թե ինչով է պայմանավորված կուսակցություն ստեղծելու որոշումը, նա պարզաբանել է, որ իր 25 տարվա փորձն անհրաժեշտ կլինի և՛ մեր պետականությանը, և՛ մեր երկրին, բացի այդ՝ այսօրվա Սահմանադրությունը քաղաքական ներգրավվածության այլ ճանապարհ ուղղակի չի թողնում, քան կուսակցություններով դա անելը.

–Ինձ նաև ոգևորում է այն հարցը, որ քաղաքական շրջանակներում հիմա հաճախ է խոսվում միասին աշխատելու մասին։ 2017թ. ընտրությունները բոլորը համարում են շրջադարձային, և բոլորի մոտ էլ այն գիտակցությունն է, որ պետք է իրոք կարողանալ բևեռ ստեղծել քաղաքական դաշտում, որպեսզի շատ ավելի արդյունավետ և՛ նախընտրական գործընթացներում դրական ազդեցություն ունենալ, և՛ ընտրությունների ազատ, արդար ընթացքն ապահովել և՛, ամենակարևորը, ընտրություններից հետո ներգրավվել այնպես, որ երկրում կարողանանք իսկապես լուրջ փոփոխություններ բերել։ Այդ ճանապարհը մեր առջևում է, և, կարծում եմ, մոտ ապագայում ավելի հստակեցում կլինի քաղաքական այդ կուսակցության հարցում։

Ընդդիմադիր մյուս ուժերի հետ համագործակցությունն էլ Վ.Օսկանյանը չի բացառում.

–Շատ ավելի կարևորը նպատակն է։ Նպատակի շուրջ շատ ավելի հեշտ է համախմբվել։ Բոլորը գիտակցում են, որ երկիրը զարգացման ճիշտ ուղու վրա չէ, նույնիսկ զարգացում բառն այստեղ կիրառելի չէ։ Երկիրն իսկապես լճացման մեջ է, և մենք լուրջ խնդիրների առաջ ենք։  Բոլորը գիտակցում են, որ ինչ–որ բան պետք է փոխվի երկրում։

Ինչ վերաբերում է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կապին այս կուսակցության ստեղծմանը, Վ.Օսկանյանը հայտարարել է, որ նման կապ չկա։

–Գիտեմ, որ դա շահարկվում է, և հստակ նպատակ է հետապնդում, բայց ասեմ, որ ես ո՛չ հիմա, ո՛չ էլ ապագայում ինձ չեմ դնելու այնպիսի վիճակի մեջ, որ փորձեմ քայլեր անել, կա՛մ ինչ–որ բաներ ասել դա հերքելու համար, կա՛մ փորձ անեմ ինձ Քոչարյանից տարանջատել։ Ես այդպիսի խնդիր չունեմ։ Քոչարյանի հետ ես երկար տարիներ եմ աշխատել, շատ լավ հարաբերություններ են եղել, կարծում եմ՝ արդյունավետ ենք աշխատել, այսօր էլ ես իմ կապը Քոչարյանի հետ պահում եմ, հանդիպում եմ, բայց միասին մենք քաղաքական կամ որևէ այլ ծրագիր չենք մշակել և այդպիսի նպատակ չկա։ Վստահ եմ, որ իրեն երկրի իրավիճակը շատ է հետաքրքրում, մտահոգում, բայց ինքը գործնական որևէ քայլ չի արել, ես գոնե տեղյակ չեմ։ Իհարկե, մարդ կա հիմա կասի՝ ինչ լավ է, որ Քոչարյանը կապ չունի այս կուսակցության հետ, մարդ կա կարող է հակառակն ասել՝ ափսոս, որ Քոչարյանը կապ չունի այս կուսակցության հետ, մարդ կա՝ ուղղակի չի հավատալու իմ ասածին, այնպես որ՝ տարբեր մեկնաբանություններ են լինելու, բայց, ինչպես ասացի, ես ինքս որևէ ջանք չեմ դնելու որևէ մեկին բան ապացուցելու։ Ես արձանագրում եմ՝ Քոչարյանի հետ կապ չունի այն կուսակցությունը, որը ստեղծվելու է,–ընդգծել է Վ.Օսկանյանը։

Նա նաև հիշեցրել է այն ենթադրությունները, թե ԲՀԿ–ն Քոչարյանի կուսակցությունն էր, իսկ ինքն էլ այնտեղ էր մտել Քոչարյանի շահերը ներկայացնելու համար.

–Կարծում եմ՝ ԲՀԿ–ի շուրջ իրադարձությունները եկան ապացուցելու, որ դա իրոք այդպես չէր։ Իսկ կոնկրետ ինձ հետ կապված մի շատ հետաքրքրական բան ասեմ։ Երբ ես որոշում էի կայացրել ԲՀԿ մտնել, դա իմ անձնական որոշումն էր, Քոչարյանն ինձ խորհուրդ տվեց, որ չմտնեմ, ասաց՝ դա քո տեղը չէ, խորհրդարանական ընտրություններին այդ ցուցակով մասնակցելը, կարծում եմ, ավելի ճիշտ է, բայց կուսակցության անդամ լինելը ճիշտ չէ։ Եվ հետո, երբ այս իրադարձությունները տեղի ունեցան, ինքը ինձ հիշեցրեց, որ այդպիսի բան էր ասել։ Այնպես որ, մի բան է ժողովրդի ընկալումը, այլ բան է իրականությունը։ Վստահ եմ, որ կուսակցության հետ կապված էլ տարբեր ենթադրություններ են լինելու։ Որոշ մասինն ազնիվ կլինի, որոշինը՝ հստակ նպատակ կհետապնդի, բայց միշտ փաստը և իրականությունը մի քիչ տարբեր են նրանից, ինչը մարդիկ փորձում են ընկալել։

Վարդան Օսկանյանը խոսել է նաև Ընտրական նոր օրենսգրքի խնդիրների և Հայաստանի գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականության մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Vesti.am

https://www.youtube.com/watch?list=PLMQcwD-eh6VhqoJgHCSjtU2TuD5D2QP93&v=3LZEpNtEd5g