«Չգրանցված դեղերի վաճառքը կքրեականացվի». Լ. Ալթունյան

Չգրանցված դեղերի վաճառքով զբաղվողները ոչ միայն կտուգանվեն, այլ նաև կենթարկվեն քրեական պատասխանատվության: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, տարեվերջյան մամուլի ասուլիսին ասել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

-Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին հանձնարարել եմ պատրաստել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով չգրանցված դեղերի վաճառքը կքրեականացվի: Պատասխանատվություն կկրեն և՛ ներկրողը, և՛ վաճառողը: Վաճառողը պարտավոր է ստուգել օրինականացման բոլոր փաստաթղթերը,- նշել է Ալթունյանը:

Առողջապահության նախարարը նաև խոսել է «Դեղերի մասին» օրենքի փոփոխության մասին, որով մեծածախ առևտրի լիցենզավորման նոր տեսակ է մտցվել: Նշենք, որ փոքր դեղատները և արտադրողներն անհանգստացած են, որ այդ լիցենզավորման կարգը կարող է անհավասար մրցակցության պայմաններ ստեղծել, և դրա հետևանքով շուկայում մենաշնորհներ կառաջանան:

-Լիցենզիա ստանալու պարտավորվածության և մոնոպոլիայի մեջ ես տրամաբանական կապ չեմ տեսնում,- ասել է Ալթունյանը:

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն էլ նշել է, որ մեծածախ առևտրի լիցենզավորման մասով օրենքում կլինեն ենթակետեր և այն դեղորայքը, որը չի պահանջում հատուկ պայմաններ՝ տեղափոխման կամ պահպանման համար, դրանք ավելի հեշտ ստացվող լիցենզիաներ կստանան:

Vesti.am

Կիսվել