Լյուստրացիան սկսվում է. «մարտի են գնում միայն ծերունիները»

Հայաստանի նոր վարչապետը խախտել է նախկին նախագահների անդորրը: Միայն Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու մասին մի նախադասությունը բավական էր, որ նախկինները յուրատեսակ լյուստրացիա սկսեն: Եվ ամենևին էլ արդեն կարևոր չէ, թե որ նախագահի օրոք կամ համաձայնությամբ, կամ թողտվությամբ է Արցախը դուրս մնացել բանակցային գործընթացից:

Այս տարօրինակ իրավիճակում հատկապես բախվել են առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Տասնյակ տարիների լռությունից հետո նրանք անձնական գզրոցներից տեղեկատվություն է, որ արտանետում են մեդիադաշտ: «Մարտով» հետախուզությունից հետո «հրետանային նախապատրաստություն» է սպասվում, որին անտարակույս կհետևի «ճակատային» հարձակումը, եթե նախկինները չդադարեցնեն ակամա փոխլյուստրացիան:

Հանուն արդարության պետք է նշել, որ այս լյուստրացիոն գործընթացն ավելի շատ դրական քան բացասական ազդեցություն ունի արցախյան հակամարտության կարգավորման գործում հայկական կողմի բանակցային դիրքերի ամրապնդման վրա: Այն միաժամանակ նաև նոր բանակցողին՝ Նիկոլ Փաշինյանին իր բանակցային փաթեթում ճկուն մանևրերի հնարավորություն է տալիս, շատ դրվագներում սպիտակ թղթից սկսելու հեռանկարով: Բայց բանակցությունների հաջորդ ակտիվ փուլը դեռ առջևում է և կանխատեսումներ անել դեռ պետք չէ:

Մի բան ակնհայտ է, որ նախկին նախագահների հեռակա բանավեճից պարզվում է, որ երկուսն էլ անուղղակիորեն ընդունում են բանակցային գործընթացից Արցախի հեռացման սխալականությունը, դրանով է՛լ ավելի խորացնելով սեփական անփառունակ վիճակը: Մյուս կողմից էլ նակխկինները ակամա խոստովանում են, որ այսքան ժամանակ կարգավորման գործընթացը օգտագործել են այլ նպատակների համար:

Հիշում ենք՝ ինչպես էր Լևոն Տեր-Պետրոսյանը բացահայտ հայտարարում, որ երկրում սոցիալ տնտեսական իրավիճակի բարելավումը բացառապես պայմանավորված է Ղարաբաղի հարցի լուծմամբ: Իսկ ահա հաջորդ երկու նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, որոնց կառավարման տարիներին օլիգարխիկ կլանների ձեռքում կուտակված նյութական հարստությունները ի չիք էին արել սոցիալական դժվարությունների մասին տերպետրոսյանական առասպելը, Արցախի հարցը պարբերաբար շահարկում էին սեփական իշխանության ներքին լեգիտիմության պակասը կամ բացակայությունը արտաքին աշխարհում լրացնելու և դրսի «դաբրոներով» այն պահելու նպատակով:

Շարունակե՛ք, պարոնայք նախկին նախագահներ: Ձեր բացահայտումները վաղուց էին պետք:

Էդուարդ Սարիբեկյան

Կիսվել